Մատչելիության հղումներ

Յոզվիակ․ Իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում այս հանդիպումից


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը զրուցում է «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017թ․
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը զրուցում է «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017թ․

Բրյուսելում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի ղեկավար Ռիկարդ Յոզվիակի կարծիքով՝ իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում Եվրամիության Արևելյան գործընկերության այսօրվա գագաթնաժողովից:

«Իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում այս հանդիպումից: Մյուսները պարզապես գեղեցիկ խոսքեր են ստանում, բայց դուք իրականում ինչ-որ կոնկրետ բան եք ստանում՝ այն, ինչ պետք է ստանայիք դեռ 2013 թվականին Վիլնյուսում, բայց գեղեցիկ բաները բացակայում են այստեղից: Դուք մխիթարական մրցանակ եք ստանում՝ սա, իհարկե, ավելի թեթև տարբերակն է», - ասաց Յոզվիակը Բրյուսելում «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում: «Գեղեցիկ համագործակցություն է, բայց կայծը չկա, որ պետք է լիներ այդտեղ», - ընդգծեց «Ազատության» Բրյուսելի թղթակիցը:

Միաժամանակ, նա նշեց, որ «սա լավ ուղու մեջ է գցում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները»: «Իհարկե, դուք կստանաք եվրոպական գումարներ, փորձառությունը, շատ լավ է իհարկե դա, և քաղաքականության առումով ավելի կմտերմանաք, բայց ինչպես ասել եմ նախկինում՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նման նույն հարաբերությունները չեք ստանա, և դա է հիմնական խնդիրը», - ասաց Յոզվիակը:

Հարցին՝ որքա՞ն կտևի, մինչև Հայաստանը սկսի Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, նա պատասխանեց․ - «Կարծում եմ, այդ երկխոսությունը կսկսվի հաջորդ տարի, բայց ևս կես տարի կտևի կամ ավելի, և դուք գործողությունների պլան կստանաք, որը պետք է կատարեք, և դա կարող է երկու-երեք-չորս տարի տևել, հետո նոր կսկսեն վիզաների ազատականացման այդ գործընթացը: Չեմ կարող ինչ-որ թվեր ասել, բայց վիզաների ազատականացում հավանաբար երկու-երեք տարվա ընթացքում չեք ստանա»:

Հարցին էլ՝ իսկ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի առումով ինչ-որ ինտրիգներ կա՞ն, «Ազատության» բրյուսելյան թղթակիցը արձագանքեց․ - «Այո, ինտրիգները պահպանվում են, բայց կարծում եմ դեռ ոչինչ չի փոխվել: Կարծում եմ, որ Ռիգայի սցենարը չի կրկնվի, երբ Հայաստանը և Ադրբեջանը ցույց տվեցին իրենց տարաձայնությունները: Կարծում եմ՝ մեծ անակնկալներ չեն լինի այստեղ»:

Յոզվիակը հիշեցրեց՝ նախօրեին իր հետ զրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ հռչակագիրը չի արգելափակվի: «Նա կարծում է, որ Արևելյան գործընկերությունը այն հարթակը չէ, որ այդ հարցերը պետք է քննարկվեն: Տեսնենք», - ամփոփեց «Ազատության» բրյուսելյան թղթակիցը:

Հիշեցնենք՝ «Ազատության» բրյուսելյան թղթակիցը հաղորդեց, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում. Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG