Մատչելիության հղումներ

«Այս համաձայնագրի ամենալավ անունն իսկապես «հավակնոտ» անունն է». Ստեփան Սաֆարյան


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի համոզմամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործակցության «համաձայնագրով լայն հնարավորություններ են բացվում ընդհանրապես արդիականացման, քաղաքակրթվածության բարձրացման և զանազան հարաբերությունների կարգավորման առումով»։

«Համաձայնագիրն, ըստ էության, ներառում է գրեթե մարդկային հարաբերությունների կարգավորվածության բարձր մակարդակ, ինչպիսին Եվրամիությունում է, և այդ համաձայնագիրը, կարծեք թե, Հայաստանի առաջ դնում է պարտավորությունների մի ամբողջ համակարգ, համաձայն որի, ես կարծում եմ, չասենք առաջընթացը կտրուկ կլինի, բայց մենք կսկսենք իսկական, իրական առաջընթացի տիրույթում գտնվել», - «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասաց Բոստանջյանը։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան կարծիքով՝ այս համաձայնագրի ամենալավ անունն իսկապես «հավակնոտ» անունն է։ «400 էջի շրջանակներում չկա կենսագործունեության մի բնագավառ, ոլորտ, որտեղ սահմանված չլինեն խնդիրները, որոնք կարևոր են և՛ եվրոպական կողմի համար, և՛ հայկական կողմի համար, որտեղ սահմանված չլինեն, կամ ակնարկված չլինեն հիմնական ստանդարտները, որ պետք է ձգտեն գործընկերության ընթացքում՝ որևէ բարեփոխում, կամ որևէ քաղաքականություն իրականացնելու առումով։ Չկա մի ոլորտ, որտեղ հղում չկատարվի շատ խոշորագույն մի կոնվենցիայի կամ իրավական բազայի, որը խաղի կանոն է դառնում երկու կողմերի համար, և այդ առումով ամրացնում է, վերահաստատում է կամ ամրապնդում է երկու կողմերի հանձնառությունը, պարտավորությունը՝ գործելու այդ շրջանակներում, մնալու այդ շրջանակներում, հավատարիմ լինելու այդ արժեքներին, ձգտելու այդ ստանդարտներին, ներդնելու այդ վկայակոչված լավագույն եվրոպական փորձը, և այս առումով ծրագիրն, անշուշտ, հավակնոտ է։ Բայց ես կուզենայի, որ հավակնոտ լիներ ինքը՝ Հայաստանը, արդյո՞ք այդ հավակնոտ ծրագիրը ինքն իրեն կդառնա այդ երկնքից թափվող մանանան, միանշանակ՝ ո՛չ, և այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանը հավակնություններ ցուցաբերի», - ասաց քաղաքագետը։

Նշենք, որ այսօր Բրյուսելում անցկացվում է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը։

Հիշեցնենք՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման մասին։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG