Մատչելիության հղումներ

Դատավորին «ցռան մոզի» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել Պավել Մանուկյանին


Պավել Մանուկյանը՝ դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ. նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու մեջ։ Այս մասին այսօր լրագրողներին փոխանցեց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը։

«09.2017 թվականին Քննչական կոմիտեի Ավան և Նոր-նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որոշում է կայացվել Պավել Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Գաբրիելյանի վարույթում քննվող քրեական գործով 2017 թվականի հուլիսի 26-ին Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում կայացված դատական նիստի ժամանակ հիշյալ գործով ամբաստանյալ Մանուկյանը՝ չենթարկվելով նիստը նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել, իսկ նիստը նախագահող Գաբրիելյանի կողմից՝ իրեն դատական նիստերի դահլիճից 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո ոտնձգել է արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին, ինչպես նաև դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի», - ըստ Ինեսա Պետրոսյանի, ասված է որոշման տեքստում։

Փաստաբանը նշեց, որ Պավել Մանուկյանը հրաժարվել է ծանոթանալ գործին, որևէ ցուցմունք չի տվել, որևէ թղթի տակ չի ստորագրել։

«Այսօր ես ներգրավվեցի սույն գործով որպես պաշտպան։ Այսօր էլ հայտարարվեց նախաքննության ավարտի մասին։ Միջնորդություն ներկայացրեցի, որպեսզի քրեական գործի նյութերը տրամադրվեն մեզ։ Իմ տեղեկություններով՝ դատավորը տուժող ճանաչված չէ և նույնիսկ հարցաքննված չէ, իմ տեղեկություններով՝ հարցաքննվել են այդ օրը դատական նիստին ներկա գտնվող կարգադրիչները», - ասաց Պետրոսյանը։

Փաստաբանը փոխանցեց, որ Մանուկյանը որևէ դիրքորոշում չի հայտնել՝ նշելով, որ իր խոսքը կասի դատարանում։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից 2-ը։

Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG