Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դատարանը մեղադրանք է առաջադրել ռուսաստանցի միլիարդատիրոջը


Ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Կերիմով, արխիվ
Ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Կերիմով, արխիվ

Ֆրանսիական դատարանը մեղադրանք է առաջադրել ռուսաստանցի միլիարդատեր, սենատոր Սուլեյման Կերիմովին։ Նա մեղադրվում է հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Ֆրանսիայի օրենսդրությամբ այս մեղադրանքները մինչև տասը տարվա ազատազրկում են նախատեսում։

Դատարանը որոշել է, որ 5 միլիոն եվրո գրավի դիմաց Կերիմովը կարող է ազատության մեջ մնալ, ինչպես նաև պետք է իշխանություններին հանձնի իր անձնագիրը։ Նրան նաև արգելվել է հեռանալ Նիսի շրջանից, որտեղ ձերբակալվել էր։ Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Կերիմովը պետք է ներկայանա ոստիկանություն և կապ չհաստատի որոշ մարդկանց հետ, ում անունները չեն հրապարակվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մամուլը նշում է, որ ֆինանսական մեքենայությունները կապված են ֆրանսիական Ռիվիերայում ձեռք բերված մի քանի վիլլաների գործարքների հետ` այդ գործարքները կատարվել են ֆիկտիվ ընկերությունների միջոցով, մի քանի տասնյակ միլիոն եվրոյի հարկեր չեն վճարվել։

Le Figaro թերթը գրել էր, որ Կերիմովի հետ ձերբակալվել էին ևս չորս մարդ։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ առավելագույն ջանքերը կգործադրեն Սուլեյման Կերիմովի օրինական իրավունքները պաշտպանելու համար, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ինչպես նաև խորհրդարանի վերին պալատի անդամ։

Forbes-ի մեծահարուստների ցանկում Սուլեյման Կերիմովը 21-րդն է, նրա հարստությունը 6 միլիարդ դոլարից ավելի է գնահատվում։ Երբ օրենք ընդունվեց, ըստ որի՝ սենատորները չեն կարող բիզնես ունենալ, նա սկսեց աստիճանաբար իր ակտիվները փոխանցել որդուն: Ըստ 2016-ի նրա հայտարարագրի՝ միլիարդատեր սենատորը անշարժ գույք չունի:

Ծագումով դաղստանցի Սուլեյման Կերիմովը երկար ժամանակ Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն էր: Այդ ընթացքում «Անժի»-ն մեծ գումարներով լավ ֆուտբոլիստներ էր գնում:

«Անժի» ակումբը ժամանակին փորձել էր ձեռք բերել նաև Հենրիխ Մխիթարյանին: Սա նաև Մխիթարյանն էր հաստատել իր հարցազրույցներից մեկում, երբ խոսք էր բացվել, թե գումարի համար է Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվում «Մանչեսթր Յունայթեդ»․ նա ասել էր, որ եթե իրեն փողը հետաքրքրեր, ապա ժամանակին Մախաչկալայի «Անժի» կգնար և ոչ թե Դորտմունդի «Բորուսիա» կգար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG