Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում՝ 12 միլիոն 505 հազար 456 դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի ընթացքում արձանագրվել է 12 միլիոն 505 հազար 456 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության համաձայն, «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի խոշոր բարերարներն են՝ անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 2 միլիոն 500 հազար դոլար, Սամվել Կարապետյան՝ 2 միլիոն 250 հազար դոլար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան՝ 350 հազար դոլար, Սամվել Ալեքսանյան՝ 200 հազար դոլար, Վարդանյանների ընտանիք՝ 125 հազար դոլար, Վարուժան Գրիգորյան՝ 100 հազար դոլար, Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար դոլար, անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 100 հազար դոլար, Բաղդասարյանների ընտանիք (ԱՄՆ)` 100 հազար դոլար, Հենրիկ Տեր-Ղուկասյան (Իրան)` 100 հազար դոլար, Վալեքս Գրուպ՝ 100 հազար դոլար, Վահե Կարապետյան՝ 60 հազար դոլար, Ժան Մարի Ատամիան՝ 50 հազար դոլար, Ալբերտ Բոյաջյան՝ 50 հազար դոլար:

Հիմնադրամը նշում է, որ տվյալները կարող են փոփոխվել:

Գումարն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղում երկու խոշոր ծրագրի. նախ իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հիշեցնենք՝ «Հեռուստամարաթոն 2016»-ը, որն անցկացվել էր «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրել էր 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը մոտ 700 հազար նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 հազար ծրագիր է իրականացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ ընդհանուր 350 միլիոն դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG