Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցում է ԵԺԿ-ի գագաթնաժողովին


ԵԺԿ գագաթնաժողով, Բրյուսել, Բելգիա, 23-ը նոյեմբերի, 2017թ.
ԵԺԿ գագաթնաժողով, Բրյուսել, Բելգիա, 23-ը նոյեմբերի, 2017թ.

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։

«Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարևորությանը, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին»,- փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ԵԺԿ-ի գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկում են համաեվրոպական նշանակության արդիական խնդիրներն ու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ անդրադարձ կկատարվի 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովում սահմանված առաջնային ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերին:

«Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաև եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարևորագույն հարթակներից մեկը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Եվրոպական խորհրդարանի նոյեմբերի 15-ի բանաձևում Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ հարևանության ռազմավարությանը:

«Նախագահը վստահեցրել է, որ ապագայում ևս Հայաստանը շարունակելու է առաջնորդվել համակեցության հենց այս բանաձևով»,- հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG