Մատչելիության հղումներ

Համաձայնագրում լուրջ ձևակերպումներ կան հենց տնտեսական համագործակցության համար. Բորիս Նավասարդյան


Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրով` Հայաստանի համար հեռանկարներ են բացվում բոլոր ոլորտներում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը՝ նշելով, կարևոր է նաև, թե Հայաստանն ինչպես է օգտվելու այդ հնարավորություններից։

«Դա այլընտրանք չունեցող երկրի, պետության համար զարգացման հնարավորություն է։ Այլ հնարավորություն մենք մոտակա ժամանակներում չենք ունենա, եթե այս հաջողությանը չհասնեինք այս օրերին։ Մենք 2013-ին այդ հնարավորությունների պատուհանը փակեցինք մեզ համար, բայց որոշ ջանքերի շնորհիվ մենք նոր հնարավորություն ստացանք, և պետք է անպայման դա լավագույնս օգտագործենք», - ասաց Նավասարդյանը՝ շարունակելով. - «Կարծիք կար, որ տնտեսական ոլորտն այս համաձայնագիրը չի ծածկելու, բայց մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ ձևակերպումներ կան հենց տնտեսական համագործակցության համար։ Թեև մենք, բնականաբար, համարում եմ, որ երեք-չորս տարի կորցրեցինք և պետք է հիմա առավել ևս մեծ ջանքեր գործադրենք և ավելի լուրջ ու եռանդուն աշխատանք ապահովենք, որպեսզի փոխհատուցվի կորսված ժամանակը»։

Հիշեցնենք՝ Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդները վաղը՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2009-ին՝ խթանելու տնտեսական ինտեգրացիան և եվրոպական արժեքների տարածումը նախկին վեց խորհրդային հանրապետություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Բելառուսում:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վաղվա գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է:

Հիշեցնենք՝ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն վաղը՝ նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG