Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ունեցողների համար միջավայրը շարունակում է հիմնականում անմատչելի մնալ


22-ամյա Հայկ Ավագյանը, ով առաջին կարգի հաշմանդամություն ունի, միայն ութամյա կրթություն է ստացել, ուսումը ցանկացել է շարունակել Երևանի ինֆորմատիկայի քոլեջում, սակայն միջավայրի ոչ մատչելի պայմանների պատճառով չի հաճախել այնտեղ:

«Աստիճանները շատ-շատ էր: Իմ համար շատ-շատ էր․․․ Իմ համար դժվար է, որ չեմ կարողանում տրանսպորտ բարձրանալ: Ստիպված ամբողջ օրը տանն եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկը:

Հենաժարշողական խնդիրներ ունեցող երիտասարդը այժմ տանը համակարգչով փորձում է սովորել հնչյունային օպերատորի մասնագիտությունը: Միայն բակ է կարողանում դուրս գալ: Շենքին կից այգի տանող թեքահարթակն անգամ համայնքապետարանը Հայկի ընտանիքի խնդրանքով է կառուցել:

Երևանում գործում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված 25 ավտոբուս, սակայն Հայկի մայրը՝ Արմինե Ավագյանն ասում է, որ դրանք իրենց տան մոտով չեն անցնում, և հաճախ ստիպված են տաքսիներից օգտվել, ինչն էլ հավելյալ ֆինանսական բեռ է ընտանիքի համար:

Տիկին Արմինեն պատմում է, որ առանց իր օգնության Հայկը չէր կարողանում դպրոց հաճախել․ - «Մարդը, որ ամբողջ օրը պարփակվում է տան մեջ․․․ Իմ կոչը ծնողներին շատ դեպքերում դա է լինում՝ մի՛ փակեք ձեր երեխաներին, թողեք իրանք էլ լիարժեք շփվեն, դուրս գան: Նրանք լիարժեք անդամներ են այս կյանքում»:

Մայրը մտահոգվում է, թե ինչու է պետությունը միայն սայլակներ և լսողական սարքեր տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ քայլակի կարիք ունեցողները զրկված են այդ հնարավորությունից․ - «Մեք օրթոպեդիկ կոշիկներ են անհրաժեշտ․․․ Օրթոպեդիկ կոշիկների գները 30 հազարից են սկսվում: Մենք գիտենք, թե մեր քայլակները ինչ գներ արժեն: Ինձ պետությունը տվել է օրթոպեդիկ կոշիկ, որը ես կարող եմ ձեզ տանը ցույց տալ՝ հագնելու չի․․․»:

«Ազատության» հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների հիմնահարցերի բաժնի մասնագետ Հայկ Մկրտչյանն ասաց, որ 2019 թվականից պետական հավաստագրի հիման վրա աջակցություն կտրվի նաև քայլակ օգտագործող անձանց․ - «Քայլակները, նաև հենակները, ձեռնափայտերը, օրթոպեդիկ կոշիկները, սեղմիրանները և բազմաթիվ այլ՝ մոտ 20 անուն պարագան անցնելու են հավաստագրերով տրամադրման գործընթացին»:

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանը, սակայն, պնդում է, հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիությանն ուղղված էական փոփոխություններ չեն կատարվում, և միայն անհրաժեշտ պարագաների տրամադրումը իրավիճակը չի փոխում․ - «Չկա մատչելի տրանսպորտի քանակի ավելացում, հիմա միայն 25 ավտոբուս է աշխատում Երևանում, երթուղիները շատ քիչ են, նոր կառուցվող շենքերը, շինությունները, հասարակական վայրերը շարունակում են անմատչելի մնալ, որովհետև չկա պատշաճ վերահսկողություն, և լավագույն դեպքում մատչելիությունը սահմանափակվում է միայն թեքահարթակով մուտքերի մոտ»:

Բաթոյանը, ով նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, առաջարկել է քաղաքապետարանում ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, մշակել հստակ պահպանվող քաղաքաշինական նորմեր, մի շարք այլ առաջարկներ:

Սակայն, նրա փոխանցմամբ, համակարգային փոփոխություններ պահանջող առաջարկները մերժվում են․ - «Յուրաքանչյուր ավտոբուսի համար չորս միլիոն դրամ է նախատեսվում վերելակով կահավորելու համար: Բայց եթե դուք տեսնեք, թե ինչ ծախսեր են արվում ընդհանրապես քաղաքի բյուջեից, ապա կտեսնեք, որ այն գումարները, որոնք կարող են ուղղվել միջավայրը բոլորի համար մատչելի դարձնելուն, շատ չնչին մասն են կազմում այդ ամբողջ ծախսերի»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության տվյալներով, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մոտ 200 հազար անձ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG