Մատչելիության հղումներ

Գյումրիում շուրջ երեք հազար ընտանիք կրկին ձմեռը դիմավորում է տնակներում


Armenia -- A woman in Gyumri, undated.
Armenia -- A woman in Gyumri, undated.

Մարգո Լուսիկյանը արդեն 13 տարի է տնակում է ապրում: Հաշմանդամության թոշակ ստացող 62-ամյա կինը չգիտի՝ 30 հազար դրամով սնո՞ւնդ գնի, թե՞ տունը ջեռուցի: Տնակը գազաֆիկացված չէ, փայտ չի կարող գնել, էլեկտրաէներգիան էլ փորձում է խնայել:

«Շատ հասարակ հաշվարկ է․ լույսը մուծես, ջուրը մուծես, հողի հարկը կմուծես․․․ ու դու կստանաս 30 հազար դրամ թոշակ: Գոնե մենք մեզի մարդու տեղ կուզենք դնել, բայց չենք կըրնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:

Ցրտաշունչ Գյումրիում 2500 - 3000 ընտանիք դեռ շարունակում է ապրել տնակներում: Ջերմաստիճանի անկումը երկաթե քայքայված տնակներում ապրողներն ավելի շուտ են զգում: Տնակների մեծ մասը գազաֆիկացված չէ, հիմնական վառելիքը փայտն է կամ ցանկացած այլ բան, որ այրվում է՝ թղթե արկղեր, պլատսմասե տարրաներ, կոշիկ ու անվադող: Ոմանք էլ էլետրաէներգիայի հույսին են:

Տիկին Մարգոն ստիպված է օրվա մեծ մասը դստեր տանն անցկացնել, որ վառելիքի համար գումար չծախսի: Կատակում է, թե կառավարությունը շատ լավ է նայում իրեն՝ ի վերջո 30 հազար դրամ թոշակ է ստանում․ - «Մենք շատ ընտիր կապրինք, շատ շնորհակալ ենք մեր կառավարությունից, որ ամեն վայրկյան մեր թիկունքին է կանգնած․․․ էդ 30 հազարը եթե կստանամ, ըտիկ հրաշք է, իրանք կըրնան նաև դնեն ու կտրեն․ իրանց ի՞նչ կա»:

Հարևանությամբ գտնվող մեկ այլ տնակում էլ մայր ու դուստր են ապրում: Մայրը թոշակ է ստանում, դուստրը՝ Լիանա Սահակյանը հացի փռում է աշխատում: Տնակը փայտով են ջեռուցում, բայց էլի ստիպված են տնտեսել, քանի որ չգիտեն ձմեռն ինչպիսին կլինի:

Ցույց տալով պահեստավորած 100 հազար դրամի վառելափայտը՝ Լիանան ասում է՝ եթե ձմեռը անցած տարվա պես խիստ լինի, փայտը շատ արագ կսպառվի, քանի որ վառարանը գրեթե ողջ օրը վառել են․ - «Եթե նորմալ վառենք, շատ-շատ էրկու ամիս․․․ էդ էլ չի տանի երևի»:

Գյումրիում տնակներում ապրող ընտանիքներին ամերիկահայ բարերարների տրամադրած միջոցներով վառելափայտ է տրամադրում «Շիրակ» կենտրոնը: Այս պահին արդեն 2500 պարկ վառելափայտ բաժանվել է: Հիմա միջոցներ են հանգանակվում, որպեսզի ևս 7500 պարկ վառելափայտ հատկացվի տնակներում ապրող ընտանիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG