Մատչելիության հղումներ

«Էքստրիմ» սրճարանը կգործի սահմանից 500 մետր հեռավորության վրա


Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում «Էքստրիմ» անունով սրճարանը ադրբեջանական դիրքից շուրջ 500 մետր հեռավորության վրա է գործելու։

Հաճախորդներին հրապուրելու են «Coffеe tastеs better when you risk your life» («Սուրճն ավելի համեղ է, երբ վտանգում ես կյանքդ») կարգախոսով:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասում է, որ գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ առաջին անգամ Գրիշայի տուն այցելեց, պատշգամբում սուրճ ըմպեց ու հասկացավ, որ այս վայրը կարող է գրավիչ լինել ոչ միայն իր, այլև աշխարհի տարբեր վայրերից այստեղ եկողների համար․ - «Ժամանցային սրճարանային գաղափարով չէ, որ դա ուզում ենք իրականացնել: Ուզում ենք ցույց տալ, որ ամեն բան հնարավոր է անել: Երևանից պիտի տարբեր չլինեն: Այն իմաստով, որ մարդիկ գան, նստեն, տեսնեն, պատկերացումները ընդլայնեն: Նաև իրենց քույրերին և եղբայրներին ճանաչեն, ովքեր գիշեր-ցերեկ այս սահմանագոտու մոտ են»:

Լվացքը փռելու ժամանակ տանտիրուհին Ալվարդը գնդակոծման է ենթարկվել, սակայն չի վնասվել։ Այցելուների անվտանգությունն ապահովելու համար «Էքստրիմ» սրճարանի հիմնադիրները նրանց հատուկ՝ պաշտպանական համազգեստ կտրամադրեն։ Կարմիր խաչի օգնությամբ նաև հատուկ պատ է կառուցվել։

Սրճարանը դեռ չի բացվել, սակայն հյուրերի պակաս արդեն չկա։ Այցելում են Եվրոպայից, Ամերիկայից ու Կանադայից։ Տանտերերն անգլերեն չգիտեն, սակայն հյուրերի հետ հաղորդակցման խնդիր չեն ունենում։

Բերքաբերցիներն ասում են, թե կրակոցների պատճառով գյուղ հարս չի գալիս, անգամ տեղի աղջիկներն են նախընտրում հարևան բնակավայրեր գնալ․ - «Աղջիկ չեն տալի: Որ իմանում են Բերքաբերից ա, սահմանին կպած, ասում ա՝ եթե ամուսնանանք էլ, գյուղում չենք ապրելու: Մեր գյուղացիք էլ թասիբով են, ասում են՝ ավելի լավ ա ես առանց կին մնամ, քան թե իմ հայրենի հողը թողեմ գնամ»:

16-ամյա Սրբուհին որոշել է Բերքաբերը չլքել։ Գյուղից կհեռանա միայն ուսումը շարունակելու համար։ Դպրոցի աշակերտները տարբեր խմբակների են մասնակցում, սակայն ժամանցի վայրեր չունեն։

Սրճարան ունենալու գաղափարը նրանց շատ է դուր եկել․ - «Հենց մեր կյանքը էքստիմ է, որ բնակվում ենք էս սահմանամերձ գոտում: Էքստրիմ կաֆեն անդեն մեր ադրենալինը ավելի շատ կբարձրացնի»:

Հայ-ադրբեջանական սահմանին է՛լ ավելի մոտ է գտնվում Խաղաղության այգին։ Այստեղ չորս տեսակի օրգանական արքայանարինջ է աճում։ Ադրբեջանական Մազամ գյուղից շուրջ 300 մետր հեռավորության վրա գտնվող այգին իր տեսակով Հայաստանում միակն է։

Այգու տերը՝ 32-ամյա Արա Խուդավերդյանը որոշել է ոչ միայն բերքը վաճառել, այլև դրանից չրեր պատրաստել ու արտահանել․ - «Միշտ էլ մշակվել ա այգին: Տենց որ մտածես, ստեղ ոչ մի բան չես կարա անես․․․ Նստես ասես՝ պատերազմ ա, վտանգավոր ա, ոչ մի բան չանես, չի լինի: Մեզ նման գյուղացի են իրանք էլ, երևի: Իրանք էլ չեն ուզում պատերազմ ըլի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG