Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը հակադարձում է ուժային կառույցների հասցեին հնչող քննադատությանը


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Երեկ Թբիլիսիում գրեթե 20 ժամ շարունակված հակաահաբեկչական գործողությունը Վրաստանի իշխանություններին ստիպում է արդարանալ` հայտարարելով, թե հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնագիտական ցածր որակների մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում:

«Ես ցանկանում եմ հակադարձել հատուկ գործողության անհարկի ձգձգմանը վերաբերող շահարկումներին: Իհարկե, կարելի է տարբեր մոտեցումներ որդեգրել, բայց մեր առաջնահերթությունը մշտապես մեկն է` խաղաղ բնակիչների անվտանգությունը: Մենք տարբեր երկրներում տարատեսակ հատուկ գործողություններ ենք տեսել, երբ, ասենք, ամբողջական շինություններ էին ոչնչացվում: Մենք, սակայն, փոքր-ինչ այլ ոճ ենք որդեգրել», - հայտարարում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հակաահաբեկչական գործողության ընթացքում վիրավորված զինծառայողներին թբիլիսյան հիվանդանոցներից մեկում այցելելուց հետո:

Թբիլիսիի քաղաքապետարանը, մինչդեռ, տեղեկացնում է, որ երեկ տեղի ունեցած գործողության թատերաբեմ հանդիսացած բազմահարկ շենքի առնվազն ութ բնակարանները լրջորեն տուժել են փոխհրաձգությունների և հատուկ միջոցների կիրառման հետևանքով ու ենթակա են հիմնանորոգման:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի Իսանի շրջանում դիրքավորված և իրավապահներին կատաղի դիմադրություն ցուցաբերած զինյալներին, ապա նրանց ինքնությունը իրավապահները առայժմ չեն հստակեցնում:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը պնդում է, որ երեկ վնասազերծված խմբի ղեկավարը Պանկիսի կիրճի նախկին բնակիչ, «Իսլամական պետության» անդամ Ահմեդ Չատաևն է: Այդ մասին հեռուստաընկերությանը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում Դոնբասում մարտնչող վրացիներից մեկը` գնդապետ Դավիթ Մակիշվիլին:

«Ինձ հետ նույն ստորաբաժանման կազմում ընդգրկված չեչենները պնդում են, որ Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության թիրախը Չատաևն ու նրա թիկնապահներն էին», - նշում էր Մակաշվիլին:

Չատաևը թե՛ Վրաստանում և թե՛ դրա սահմաններից դուրս բազմիցս է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: 2012 թվականին` դեռ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության շրջանում, նրան ձերբակալեցին, սակայն Բիձինա Իվանիշվիլիի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Թբիլիսիի քաղաքային դատարանը Չատաևին ազատ արձակեց, պնդելով, թե ահաբեկիչների հետ նրա կապի մասին բավարար ապացույցներ ներկայացված չեն: Հետագայում Չատաևը տեղափոխվեց Սիրիա, որտեղ, ըստ արևմտյան աղբյուրների, «Իսլամական պետության» կազմում գործող 250-հոգանոց ջոկատի հրամանատարն էր: Թուրքական աղբյուրների պնդմամբ էլ՝ Չատաևը ուղղակի առնչություններ ուներ 2016-ի ամռանը Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով 40 մարդ էր զոհվել:

Վրաստանի ուժային կառույցները, այնուհանդերձ, առայժմ խուսափում են որևէ հստակ վարկած առաջ քաշել: Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներին անցած գիշեր հորդորում էր սպասել նախաքննության առաջին պաշտոնական արդյունքներին:

«Այսօր որևէ մեկը սեփական վարկածներն ու տարբերակներն առաջ քաշելու իրավունք չունի: Հստակ դետալների մասին հնարավոր կլինի խոսել նախաքննության, փորձագիտական հետազոտությունների ավարտից հետո միայն: Ի վերջո, այժմ հետաքննությունն ընթանում է ոչ միայն Վրաստանի տարածքում, այլև արտերկրում, քանի որ գործ ունենք միջազգային ահաբեկչության դրսևորման հետ», - հայտարարում էր Վրաստանի ներքին գործերի նախարարը:

Վրացական ընդդիմության անդամները չեն բացառում, որ իրենց բնորոշմամբ «ոչ այնքան արդյունավետ հակաահաբեկչական գործողության» հարցը կարող է տեղափոխվել խորհրդարան:

«Մենք հակաահաբեկչական գործողության հետ կապված օրինական հարցեր ունենք: Առայժմ մենք սպասում ենք Պետական անվտանգության ծառայության պաշտոնական տեղեկատվությանը: Չի բացառվում, սակայն, որ առաջիկայում խորհրդարան հրավիրենք ուժային կառույցների ղեկավարներին` վերջին իրադարձությունների առթիվ բացատրություններ տալու պահանջով», - նշում է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկը` պատգամավոր Սերգի Կապանաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG