Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին օգնություն է առաջարկել Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանում անհետացած ռազմական սուզանավի որոնման հարցում: Մակրին ողջունել է Պուտինի առաջարկը:
Նոյեմբերի 15-ին անհետացած «Սան Խուան» սուզանավում եղել է 44 մարդ: Սուզանավի որոնման աշխատանքին մասնակցում են Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Բրազիլիայի, Կանադայի, Չիլիի, Կոլումբիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պերուի, Մեծ Բրիտանիայի և Ուրուգվայի որոնողական ծառայությունները:
Արգենտինայի պաշտոնյաների փոխանցմամբ, սուզանավը գտնելու և 44 նավաստիներին փրկելու հույսը ժամ առ ժամ մարում է, քանի որ «Սան Խուան»-ն ուներ ընդամենը մի քանի օրվա թթվածնի պաշար:
«Իրավիճակը չափազանց վտանգավոր է և օրըստօրե վատթարանում է», - ասել է Արգենտինայի ռազմական նավատորմի խոսնակ Էնրիկե Բալբին:
Սուզանավի անհետանալուց առաջ անձնակազմը հասցրել է զեկուցել մեխանիկական անսարքության մասին:
Արևմտյան լրատվամիջոցները «Սան Խուան»-ի դեպքը համեմատում են 2000 թվականի «Կուրսկ»-ի վթարի հետ: «Կուրսկ» անվամբ ռազմական սուզանավը ջրի տակ պայթել է, անձնակազմի բոլոր 118 անդամները զոհվել են: