Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները հստակեցրել են Սիրիայի հարցում համագործակցության առաջնայնությունները


Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Սոչիում, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով չորեքշաբթի օրը Սոչիում կայացած գագաթնաժողովին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշված են սիրիական ճգնաժամի շուրջ համագործակցության առաջնայնությունները:

«Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն Սիրիայում իրավիճակի երկարաժամկետ կարգավորմանը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երեք երկրների նախագահները պայմանավորվել են պատրաստել Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրես, որին պետք է ներկայացված լինեն և՛ Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները, և՛ ընդդիմության ներկայացուցիչները, ում, օրինակ, աջակցում է Թուրքիան:

Ասուլիսին Պուտինը հայտարարել է, որ գոհ է բանակցություններից: «Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, միակարծիք ենք, որ պետք է շարունակել սիրիական հետպատերազմյան կարգավորմանն ուղղված մեր համագործակցությունը այսպես ասած Աստանայի ձևաչափով, քանի որ այն արդյունավետ է», - ասել է նա:

Ժնևում նոյեմբերի 28-ին պետք է կայանան Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցություններ ՄԱԿ-ի հովանու ներքո, և այդ բանակցություններին հիմնական դերակատարը Միացյալ Նահանգներն է:

Ինչպես ռուսաստանցի մեկնաբաններն են գրում, Պուտինին անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 28-ը է՛լ ավելի ուժեղացնել իր դիրքերը Սիրիայում և Սիրիայի շուրջ: Հենց սրանով էլ պայմանավորված են Սիրիայի շուրջ ակտիվացած բանակցությունները՝ երեկ Սոչիում Իրանի և Թուրքիայի նախագահների հետ, նոյեմբերի 19-ին՝ Բաշար ալ-Ասադի հետ, ավելի վաղ նույն Սոչիում՝ Թուրքիայի նախագահի հետ:

Վերջին օրերին Ռուսաստանի նախագահը նաև բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում նաև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Փորձագետները նաև նկատում են, որ Պուտինի հիմնական քաղաքական կշիռը սիրիական ճգնաժամի հարցում պայմանավորված է Ասադի և նրա կողմնակիցների վրա իր ունեցած ազդեցությամբ:

Երեկ Իրանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ ահաբեկիչների դեմ պատերազմը Սիրիայում մոտենում է ավարտին, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Չորեքշաբթի օրը Պուտինը երկկողմ հանդիպում էլ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

XS
SM
MD
LG