Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի միջազգային դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Ռադկո Մլադիչին


ՄԱԿ-ի միջազգային դատարանն այսօր ցմահ ազատազրկման դատապարտեց բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչին՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության համար:

Տարիներ տևած դատաքննությունից հետո Հաագայի դատարանը վճռեց, որ բարձրաստիճան զինվորականը 90 ականներին՝ բոսնիական պատերազմում, միտումնավոր հազարավոր խաղաղ բնակիչների է բնաջնջել, զանգվածային սպանություններ իրականացրել ու մարդկանց գերեվարել:

Ամենածանր մեղադրանքը վերաբերում է Սրեբրենիցիային, ուր, ըստ ռազմական դատարանի, Մլադիչի հրամանով 1995 թվականին շուրջ ութ հազար մահմեդական է կոտորվել:

Դատավոր Ալֆոնս Օրիեն հայտարարեց, որ վճիռը կայացվել է գործով ստացված շուրջ 28 հազար իրեղեն ապացույցների ու ավելի քան 400 վկայությունների հիման վրա․ - «Բոսնիացի սերբերի զինուժը, առաջին հերթին սերբական հանրապետության բանակը մեթոդաբար իրականացրել է հազարավոր տղամարդկանց սպանություններ, մեծ մասը՝ 1995 թվականի հուլիսի 12-17 ընկած ժամակահատվածում: Դատարանը պարզեց, որ այդ հանցագործները իրենց առջև նպատակ էին դրել բնաջնջել բոսնիացի մահմեդականներին, ինչը ցեղասպանություն է բնորոշվում»:

Ինքը՝ «Բոսնիայի դահիճ» մականունը ստացած 75-ամյա գեներալը, սեփական դատավճռի ընթերցման ժամանակ դահլիճում չէր: Դատավորը Մլադիչին հեռացրել էր անպարկեշտ պահվածքի համար: Ինչպես և դատաքնննության մեկնարկին, այսօր էլ նա կտրականապես հերքում էր մեղադրանքներն ու տեղից վիրավորանքներ հնչեցնում միջազգային դատարանի հասցեին․ - «Ես շատ զայրացած եմ, քանի որ այն ամենն, ինչ դուք ասացիք, կատարյալ սուտ է: Գրողի ծոցը թող գնա այս դատարանը»:

Դատավճռի հրապարակումից հետո Մլադիչի որդին ու փաստաբանը հայտարարել են, որ կբողոքարկեն այն: Ավելի վաղ՝ այս տարվա մարտին, Հաագայի դատարանը 40 տարվա ազաատզրկման էր դատապարտել բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին՝ նրան ևս մեղավոր ճանաչելով ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության համար:

«Նրանց դատավճիռը լուրջ ձեռքբերում է միջազգային այս դատարանի ու արդարադատության համար, բայց առավել՝ զոհերի ու նրանց հարազատների համար», - հայտարարեց դատախազ Սերժ Բրամերցը՝ միաժամանակ ընդգծելով, որ սա դատավճիռ չէ սերբ ժողովրդի դեմ․ - «Մլադիչի մեղքը իրենն է և միայն իրենը: Ոմանք գուցե հայտարարեն, թե նա հերոս էր և պաշտպանում էիր իր ժողովրդին, սակայն դատարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ դա ճշմարտության հետ որևէ աղերս չունի: Մլադիչը պատմության մեջ կմտնի և կհիշվի որպես մարդասպան: Իրականում հերոսները զոհերն են ու այս ողբերգությունը վերապրածները, որոնք երբեք չդադարեցրին իրենց պայքարը հանուն արդարության»:

Ողջունելով դատարանի որոշումը՝ Բոսնիայի վարչապետ Դենիս Զվիզդիցը հայտարարել է․ - «Այն ցույց տվեց, որ պատերազմի հանցագործները երբեք չեն կարող խուսափել արդարադատությունից»:

ՄԱԿ-ի մարդու իրավուքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեինը պնդել է, թե մի օր բոլորն են կանգնելու դատարանի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պահանջվող ժամանակից․ - «Մլադիչը չարի մարմնավորում էր, նրա դեմ դատավճռիը՝ միջազգային արդարադատության հաղթանակ: Մլադիչն ու Կարաջիչը մահ ու ավերածություններ են պատճառել նախկին Հարավսլավիային, որպիսիք այն չէր տեսել Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Սա մեկ այլ՝ շատ սև էջ է Եվրոպայի պատմության մեջ»:

Սերբիայի իշխանություններն առավել զգուշավոր են արձագանքել: Նախագահ Ալեքսանդր Վույչիչը դատարանի վճռից հետո հայտարարել է, թե ժամանակն է ապագային նայել՝ «անցյալի արցունքները կուլ տալու փոխարեն»․ - «Ես ուզում եմ դիմել ոչ միայն Սերբիայի քաղաքացիներին, այլև տարածաշրջանի բնակիչներին՝ այս օրը ո՛չ ցնծության, ո՛չ էլ սգո օր է: Այսօր բոլորս պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչպիսի ապագա ենք ուզում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG