Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյան․ Քրեական օրենսգիրքը կապ չունի ապստամբության իրավունքի հետ


«Սասնա ծռերի» գործով 10 մեղադրյալների դատավարության ժամանակ դատավորը նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացրեց զինված խմբի առանցքային անդամ Արայիկ Խանդոյանին։

Պատճառը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն էին։ Խանդոյանը դատախազին հորդորեց իրենց «ամբաստանյալ» չկոչել:

Խանդոյանի փաստաբանները պնդեցին, թե նա որևէ վատ արարք իրեն թույլ չի տվել, և դատախազ Պետրոս Պետրոսյանին մեղադրեցին անհարգալից վերաբերմունքի մեջ։ Նշեցին, որ մեղադրող դատախազը Արայիկ Խանդոյանին դիմելիս ասաց․ - «Արա, ձենդ կտրի»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց․ - «Ամեն դեպքում գտնում եմ, որ դատարանը ոչ իրավաչափ է վարվել իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել դալիճից հեռացնելու առումով: Եվ, ինչպես նշեցի, ես չեմ կարող դատական նիստերի այս հատվածում մնալ և կլքեմ դահլիճը, ապակիներից այն կողմ կգտնվեմ և կվերադառնամ այն ժամանակ, երբ պաշտպանյալս կվերադարձվի դահլիճ»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն, հայտարարեց, թե առաջինն Արայիկ Խանդոյանը վատ վարքագիծ դրսևորեց, և որոշեց ժամանակից շուտ նրա հետ բերել դատարան։

Իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց անհարգալից արտահայտություն հնչեցնելու համար, ինչը դատարանի դահլիճում գտնվողներն ընդունեցին ծափահարություններով:

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվողների փաստաբաններն այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանին առաջարկեցին մեղադրող դատախազ Արամ Արամյանից լիազորագիր պահանջել։ Նշեցին, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից «Սասնա ծռերի» գործը 3 վարույթների բաժանելուց հետո դատախազը նոր լիազորագիր չի ներկայացրել։

Մինչդեռ թե՛ դատախազները, թե՛ դատավորն առարկեցին։

«Այն բանից հետո, երբ Գաբրիելյանի կողմից այդ նյութերը՝ 75 հատոր, պատճենահանվել և հանձնվել են ինձ, ի՞նչ է, պաշտպանները կորցրե՞լ են իրենց լիազորությունները․․․ իհարկե ոչ: Ընդամենը տեղի է ունեցել ոչ թե դատախազների, այլ դատավորի փոփոխություն», - ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մակյանի այս դիրքորոշումից հետո փաստաբանները նրան ինքնաբացարկ ներկայացրեցին։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց․ - «Ես նույնպես գտնում եմ, որ դատարանը կաշկանդված ա թե՛ մեղադրողների դիրքորոշմամբ, թե՛, ինչպես պարոն Ալումյանը նշեց, դատարանի երեկ կայացրած որոշմամբ: Բայց երեկ դատարանը այդ որոշումը իր հերթին կայացրեց նույնպես մեղադրանքի կողմի դիրքորոշմամբ կաշկանդվածության պայմաններում: Եվ դա առիթ, պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք դատավորին բացարկ հայտնենք»:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատավորն այսօր մերժեց կալանքից ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներ Սեդրակ Նազարյանին, Էդվարդ Գրիգորյանին, Արեգ Կյուրեղյանին և Վարուժան Ավետիսյանին։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, թե նրանք չեն կարող ազատ արձակվել, քանի որ ծանր հանցագործությունների մեջ են մեղադրվում։ Նշեց, որ Վարուժան Ավետիսյանը, մասնավորապես, 2015-ի ապրիլի 24-ից առաջ ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար, հետո ազատ արձակվել, և, փաստորեն, դրանից հետո նոր հանցագործություն էր կատարել։

Վարուժան Ավետիսյանը պնդեց, թե իրենք ապստամբներ են, ոչ թե հանցագործներ․ - «Քրեական օրենսգիրքը կապ չունի ապստամբության իրավունքի հետ: Քրեական օրենսգրքով ապստամբության իրավունքը կանոնակարգված չէ: Դրանք տարբեր իրավահարաբերություններ են: Ես անցած նիստերից մեկում էլ ասացի, որ այստեղ մասամբ գոնե կհամարվի դատարան, եթե քննվի ապստամբության գործ: Բայց այստեղ ուրիշ գործ է քննվում՝ ապստամբության հետ կապ չունեցող»:

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG