Մատչելիության հղումներ

Տավուշում նորածնի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա տատը. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է նորածնի մահվան պատճառը. ըստ փորձագետի, պտուղը եղել է կենդանածին, իսկ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Մեկ անձ ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով:

«2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 05:10-ին, Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ բուժօգնության է դիմել մարզի 1984թ. ծնված բնակչուհին: Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։ Նախնական տվյալներով՝ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։

Կոմիտեն նշում է, որ քրեական գործով ստացվել է նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ պտուղը եղել է կենդանածին, իգական սեռի, հասուն և կենսունակ և գտնվել զարգացման 36-38 շաբաթական շրջանում։

«Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը», - ըստ կոմիտեի, նշված է եզրակացության մեջ։

Քննչական կոմիտեն՝ վկայակոչելով փորձագետներին նշում է, որ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ:

«Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից: Վերջինս այսօր ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG