Մատչելիության հղումներ

«Զվեզդա»-ն ներողություն է խնդրում Երևանից «թույլ տրված սխալի համար»


«Զվեզդան» Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին հղած նամակում պաշտոնապես ներողություն է հայցել թույլ տված սխալի համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հեռուստառադիոընկերության կազմի մեջ մտնող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում անցած կիրակի՝ նոյեմբերի 19-ին՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրին՝ հաղորդավարուհին հայտարարել էր՝ «Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, ինչ Հայաստանն անում է ինչպես Ուկրաինան։ Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»: Այնուհետև նա Գարեգին Նժդեհին համեմատել էր ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Ստեփան Բանդերայի, իսկ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանշանը՝ Ֆաշիստական գերմանիայի զինանշանի հետ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանն «Ազատությանն» է տրամադրել հեռուստաալիքից ստացած նամակի լուսապատճենը, որտեղ մասնավորապես ասված է. - «Կիրակի օրը՝ 2017 թվականի նոյեմբերի 19-ին, «Զվեզդա» ազգային հեռուստաալիքի «Կանխատեսումներ» ծրագրի թողարկման ժամանակ ծրագիրը վարող Վերոնիկա Կրեշենիննիկովան թույլ է տվել ոչ-կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ` կապված Հայաստանի Հանրապետության հետ (Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված բլոկում): Ներողություն ենք խնդրում թույլ տրված սխալի համար»:

Թորգոմյանի փոխանցմամբ, երեկ հանդիպում են ունեցել հեռուստաալիքի ներկայացուցիչների հետ։ Դեսպան Վարդան Տողանյանն, ըստ խոսնակի, ներկա չի եղել հանդիպմանը, «քանի որ Երևանում է եղել՝ հաշվի առնելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը»։

«Երեկ՝ ամսի 21-ին հեռուստաընկերության ղեկավարության ներկայացուցիչն այցելել էր դեսպանություն, որտեղ մենք հանդիպում անցկացրեցինք։ Ներկայացրեցինք մեր մտահոգությունը։ Ղեկավարության ներկայացուցիչը բացատրեց, թե դա եղել է իրենց կողմից վրիպում, բացթողում, այնուհետև երեքշաբթի երեկոյան մենք ստացանք պաշտոնական նամակ, որն ուղղված է եղել մեր դեսպանի անունով՝ Վարդան Սուրենի Տողանյանի անունով, և այդ նամակը ստորագրված է «Զվեզդա» մեդիա հոլդինգի նախագահի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորգոմյանը։

Հարցին, թե հայկական կողմին բավարարո՞ւմ է այս ներողությունը, թե՞ այլ գործընթացներ էլ էին ակնկալում, Թորգոմյանը պատասխանեց. - «Մենք ներկայացրել ենք տարբեր ձևաչափեր, առաջարկել ենք, քննարկել ենք հանդիպման ընթացքում, և ստացված պատասխանը զեկուցել ենք ղեկավարությանը։ Այսինքն՝ հետագայում, եթե որոշակի նոր հարցադրումներ լինեն, մենք ըստ դրա կսկսենք զբաղվել»։

Իշխող Հանրապետականը միայն մեկ օր անց պաշտոնապես արձագանքեց «Զվեզդայի» հրապարակմանը։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ երեկոյան հայտարարեց՝ հնչած ոչ-կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից։

«Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին, և մենք մեր խողովակներով, պետությունն իր կարծիքը արտահայտել է, և նաև ասացի, որ «Զվեզդա»-ի ղեկավարը, ղեկավարությունը հստակ իր գնահատականը հնչեցրել է», - ասաց Շարմազանովը՝ հավելելով. - «Այստեղ ավարտված համարենք այս ինցիդենտը: Անկախ նրանից՝ ով ինչպիսի որակումներ կտա, Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է»։

«Զվեզդայի» եթերում հնչած գնահատականների հետևում Հայաստանի իշխող Հանրապետականը չտեսավ Ռուսաստանի ղեկավարությանը: Ինչպես «Ազատությանն» ասել էր ՀՀԿ մամուլի խոսնակը՝ «պաշտոնական Մոսկվան նման կարծիք չի արտահայտել, ուստի ամեն ինչ թողնում ենք այդ կնոջ, կամ այդ հաղորդման ղեկավարների վրա»։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով, մինչդեռ, հեռուստաալիքի անդրադարձը «Հայաստանի նկատմամբ քաղաքական շանտաժ էր և ոչ ամենևին առանց բարձրագույն ղեկավարության իմացության»։

«Վերոնիկա Կրեշենիննիկովան պրոկրեմլյան քարոզիչների, այսպես ասենք, խմբի ամենաակտիվ անդամներից մեկն է, ռուսական հեռուստաշոուների անբաժան մասնակիցը, նաև հանդիսանում է Ռուսաստանի իշխող կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և ոչ թե սովորական հաղորդավարուհի, որն այսպես ասած, կարող էր նման անզգույշ վրիպակ թույլ տալ, և վերջապես ինքը՝ հեռուստաընկերությունը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը», - ասաց Սաֆարյանը։

Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ պաշտոնական Մոսկվան կաշկանդված է ուղիղ տեքստով արտահայտել իր դժգոհությունը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի առիթով։

«Նախ առաջինը՝ Հայաստանն արդեն բավարարել է Ռուսաստանի ամենամեծ շահագրգռությունը, դա ԵՏՄ-ին անդամակցելն էր, թեպետ Հայաստանն այդ կառույցում անելիք չուներ, շահեր չուներ։ Երկրորդը՝ ուկրաինական պրոբլեմի հետ միասին իր գլխին խտացնում է հայկական պրոբլեմը, եթե ևս մեկ անգամ արդեն Հայաստանին փորձի հետ պահել ոչ թե ասոցացման, այլ շատ սովորական համաձայնագիր կնքելուց, իսկ սա կբերի հավելյալ պատժամիջոցների կամ առնվազն առկա պատժամիջոցների երկարակեցության ապահովմանը, եթե Ռուսաստանը գնա այդ քայլին, հետևաբար իրենց ոչինչ չէր մնում, մասնավորապես՝ ղեկավարությանը, նման ձևով քաղաքական շանտաժ անել և փորձել Երևանի ռեակցիաները՝ արդյո՞ք Երևանը կընկրկի», - ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG