Մատչելիության հղումներ

«Տաշիրը» քննարկում է Մեղրիի ՀԷԿ-ը կառուցելու հնարավորությունը


«Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյան

Առաջիկա տասը տարում Հայաստանի էլեկտրական ցանցերում 872 միլիոն դոլար ներդրում կատարող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է խոշորածավալ ներդրումներ կատարել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, և «Շնող» ՀԷԿ-ից բացի, քննարկվում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հնարավորությունը:

Այս մասին հայտնի դարձավ «Տաշիր»-ի փոխնախագահ Կարեն Դարբինյանի ու ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի այսօրվա ասուլիսում:

Մեղրիի ՀԷԿ-ի վերաբերյալ Դարբինյանն մանրամասներ չհայտնեց․ - «Նոյեմբերի 13-ին ներկայացրեցի, որ պատրաստվում է Շնողի ենթակայանը կառուցել, իհարկե, հետագայում էլ կարան լինեն ծրագրեր․․․ քննարկվում է Մեղրիում հիդրոկայանի կառուցումը: Բայց դա զուտ քննարկման փուլում է: Շատ հնարավոր է, որ հետագայում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում «Տաշիր» ընկերությունը ևս ներդրումներ կատարի»:

Նոյեմբերի 13-ին հայտարարվեց, որ Դեբեդ գետի վրա, Լոռու մարզում, մոտ 200 միլիոն դոլարով «Տաշիրը» կկառուցի 120 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան՝ տարեկան մինչև 460 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ, որը կապահովի Հայաստանի պահանջարկի մոտ 6 տոկոսը:

Forbes-ի գնահատմամբ 3.4 միլիարդ դոլարով 2017թվականին Ռուսաստանում 32-րդ ամենահարուստ մարդը համարվող Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին են պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցերը և Հրազդանի ՋԷԿ-ը, որոնք 2015-ի հոկտեմբերին ռեուսաստանյան Интер РАО ընկերությունից անցան «Տաշիրին»: Բացի այդ, փաստորեն, «Տաշիր»-ին է պատկանում նաև այս սեպտեմբերին Ծաղկաձորում բացված Հայաստանում խոշորագույն՝ 0․5 ՄՎտ հզորությամբ «ԱրևԷկ» արևային կայանը:

Այս օգոստոսին կառավարության որոշմամբ 5 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ, «Տաշիր» խմբի կառավարմանը հանձնվեց նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերությունը, որով հնարավոր է էլեկտրաէներգիայի խոշոր ծավալներ արտահանել Հայաստանից կամ ներմուծել:

Այս առնչությամբ Դարբինյանն ասաց․ - «Դեռ կոնկրետ ուրվագծված ռազմավարություն չկա, բայց, իհարկե, մենք զբաղվելու ենք և արտահանումով: Ես ձեզ ասեմ, որ էլեկտրաէներգիայի արտահանումը էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի համար շատ կարևոր գործոն է»:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում շուրջ 900 միլիոն դոլար ներդրմանը, ապա նշվեց, որ դա իրականացվելու է տասը տարվա ընթացքում՝ մինչև 2028 թվականը: Գումարի կեսը «Տաշիր» խումբը ներգրավելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից, Եվրասիական զարգացման բանկից: Մյուս կեսը «Տաշիրը» ապահովելու է իր միջոցներով:

Դարբինյանի խոսքով, ՀԷՑ-ի արդիականացման համար կիրառվելիք սարքավորումների՝ հաշվիչների, մալուխների և այլ սարքերի, 80 տոկոսը արտադրվելու է Հայաստանում, և համապատասխան ձեռնարկություններ հիմնելու համար «Տաշիրը» կներդնի ևս մոտ 100 միլիոն դոլար․ - «Ներդրումային ծրագիրը ներառում է վեց բաժին: Մեկ բառով որ ասեմ՝ բացի Երևան քաղաքի մալուխագծերից, որի փոխարինումը շատ բարդ խնդիրներ է առաջացնում զուտ քաղաքաշինության տեսակետից, ամբողջ Հայաստանով բոլոր մալուխագծերը, ենթակայանների սարքավորումները, օդային գծերը ամբողջովին փոխվելու են»:

Արդյունքում, ըստ «Տաշիրի» ներկայացուցիչների, կունենանք ժամակակից էլեկտրական ցանցեր, ուր 2028 թվականին կորուստները կկազմեն 6.4 տոկոս: Այս թիվը համեմատելի է արևմտաեվրոպական երկրներում առկա կորուստների թվի հետ: Կարեն Դարբինյանի խոսքով, ներկայում Մեծ Բրիտանիայում էլեկտրական ցանցերի կորուստները կազմում են 6.8 տոկոս, Ֆրանսիայում՝ 7.1 տոկոս:

«Տաշիր»-ի փոխնախագահը հիշեցրեց, որ երբ ավելի քան երկու տարի առաջ ռուսաստանյան Интер РАО-ից գնեցին ՀԷՑ-ը, ցանցում կորուստները 13.3 տոկոս էին․ - «Երեք ամսվա արդյունքներում 2015 թվականի ունեցել ենք 11.3 տոկոս, 2016 թվականը փակել ենք 9.9 տոկոս կորուստներով, և 2017 թվականը ունենք արդեն 8.7 տոկոս կորուստ»:

Ըստ Դարբինյանի, կորուստների յուրաքանչյուր տոկոսային կետի նվազումը ընկերության համար խնայում է մոտ 5 միլիոն դոլար: Այսպիսով, կորուստների կրճատումը 13.3 տոկոսից մինչև 8.7 կամ 4.6 տոկոսային կետով, նշանակում է ընկերության համար խնայել 23 միլիոն դոլար․ - «Իհարկե, չեմ բացառում, որ ժամանակին գողություններ եղել են, և դա մենք կանխել ենք»:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով, ներկայում մոտ 7 հազար 300 աշխատակից ունեցող ցանցի արդիականացման արդյուքնում աշխատանքից կազատվեն մոտ հազար հոգի: Նախորդ երկու տարվա ընթացքում ՀԷՑ-ից արդեն իսկ ազատվել են 900-ը, սակայն մեկ տարվա ընթացքում վճարվել է նրանց աշխատավարձերի 100 տոկոսը, ևս մեկ տարի՝ 50 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG