Մատչելիության հղումներ

«Զինծառայության մասին» օրենքի շուրջ կլոր սեղանը կլինի՝ «կարծիքների մոտեցում»


Ուսանողների բողոքի ակցիան «Զինծառայության մասին» օրենքի դեմ, արխիվ

Ազգային ժողովի հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե վաղը լուծում կտրվի բոլոր հարցերին: Շարմազանովի ձևակերպմամբ՝ կլինի կարծիքների մոտեցում։

Ազգային ժողովում վաղը նախատեսված է «Զինծառայության մասին» օրենքին դեմ և կողմ արտահայտվողների հանդիպում: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ բանավեճի ֆորմատով:

«Օրենքը արդեն ընդունվել է, օրակարգում չկա օրենքի հետ կանչման խնդիր։ Ավելի շատ պետք է քննարկենք մոտեցումները, տարկետման խնդիրները, միգուցե նաև առաջարկությունները, որովհետև առաջիկայում Կառավարությունը պետք է մի քանի տասնյակ ենթաօրենսդրական ակտեր և Կառավարության որոշումներով հստակեցնի նույն տարկետման կարգը և սահմանումները», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց Շարմազանովը։ ֊ «Այդ իմաստով շատ լուրջ անելիք կա։ Իրենց էլ եմ առաջարկել, որ մենք պետք չէ մաքսիմալիզմի հետևից ընկնենք և ցանկանանք ամեն ինչ միանգամից լուծում տալ։ Բայց եթե նույնիսկ տասը հարց կա, որտեղ մենք ունենք տարբեր կարծիքներ, տասը հարցից երկուսը մենք գալիս ենք որոշակի փոփոխության՝ ապա դա էլ է առաջընթաց»

Նոյեմբերի 15-ին՝ ԱԺ-ի ընդունված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարկետում ստանալ ցանկացող ուսանողները պետք է պայմանագիր կնքեն Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումնառության ավարտից հետո զինված ուժերում ծառայել արդեն ոչ թե երկու, այլ՝ երեք տարի: Հակառակ պարագայում 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: «Զինծառայության մասին» վիճահարույց օրինագծի դեմ բողոքողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Պահանջում են չսահմանափակել տարկետման իրավունքը՝ չխախտելու համար կրթության անընդհատության սկզբունքը։ Խորհրդարանի ընդունած օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրելուց ու պաշտոնական հրապարակումից տասն օր անց։

Շարմազանովի ձևակերպմամբ թե՛ Պաշտպանության, թե՛ Կրթության նախարարությունները դրական են տրամադրված՝ աշխատելու և հաշվի առնելու ուսանողների կարծիքը։

«Կառավարության մեր գործընկերները իրենք էլ ունեն շատ դրական մոտեցումներ և ցանկություն աշխատելու և հաշվի առնելու ուսանողների կարծիքը», ֊ նշեց ԱԺ փոխխոսնակը։

Իշխանական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում է, թե կլինեն «հեղափոխական փոփոխություններ»։ Ռուստամյանի կարծիքով՝ «Զինծառայության մասին» նոր օրենքը սովորել ցանկացողների համար ավելի լավ պայմաններ է ստեղծում: ֊ «Օրենքին ընդդիմացողների հետ հանդիպումը», - ասում է Ռուստամյանը,- «ոչ միայն երիտասարդների առաջարկները լսելու համար է, այլև՝ համոզելու, որ ընդունված օրենքը նրանց շահերից է բխում։ Այնպես չէ, որ ինչ֊որ մարդիկ, ովքեր ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները դա խոչընդոտում են։ Կան որոշակի հստակեցում պահանջող հարցեր, որոնք ոչ թե օրենքի խնդիր են, այլ կարող են լուծվել ենթաօրենսդրական ակտերի միջոցով»։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 ներկայացուցիչներ վաղը կբանավիճեն Կառավարության և Ազգային ժողովի 5 անդամների հետ։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ԱԺ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, 5-ական ներկայացուցիչներով հանդիպելու գաղափարը ուսանողներինն է եղել։

Օրենսդիր ու գործադիր թևերից հանդիպմանը ներկա կլինեն կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:

Նախատեսված էր նաև Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանի մասնակցությունը, բայց նա վաղը բացակայելու է քաղաքից, ուստի նույն հանձնաժողովից կլինի մեկ այլ ներկայացուցիչ՝ հանրապետական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։ Հանդիպումը վարելու է Շարմազանովը։

ԱԺ փոխխոսնակն ասաց՝ կողմերից յուրաքանչյուրը կունենա մեկ հիմնական զեկուցող, իրենց կողմից բանախոսը Կրթության նախարար Լևոն Մկրտչյանն։ Այնուհետև կլինի հարցուպատասխան, կտրվի ելույթների հնարավորություն: Ուժի մեջ է հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակելու առաջարկը։

«Ուղիղ եթերն էլ եղել է իմ առաջարկությունը, ես կյանքում ինչ ասում եմ՝ անում եմ», ֊ ընդգծեց Շարմազանովը։ ֊ «Ոչ միայն ուղիղ եթեր, այլ նաև մենք նկարահանելու ենք, որպեսզի եթե պահի տակ տեխնիկական որևէ թերություն լինի, մենք ունենանք նաև երկրորդ կամ երրորդ տեսախցիկը, որովհետև մենք ծրագրում ենք այս ողջ նյութը, որ կլինի, արձանագրել և հետագայում օգտագործել արդեն Կառավարության հետ քննարկումների ժամանակ»։

Լրագրողներն մուտք չեն ունենա քննարկման սենյակ, բայց, Շարմազանովի խոսքով, հնարավորություն կունենան հետևել դրան ԱԺ-ի կայքի միջոցով:

«Զինծառայության մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողները մի քանի օր տևած դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո՝ իշխանությունների հետ իրենց պահանջների շուրջ կլոր սեղան-քննարկում անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG