Մատչելիության հղումներ

Ուկրաինան այսօր նշում է Մայդանի հակակառավարական հզոր ցույցերի մեկնարկը, որը պաշտոնապես կոչվում է «Ազատության և արժանապատվության» օր: Չորս տարի առաջ՝ 2013-ի նոյեմբերին մեկնարկած ցույցերը հանգեցրեցին Ուկրաինայի ռուսամետ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը: Նա հեռացավ Ռուսաստան, իսկ Ուկրաինայի նոր առաջնորդները ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը, որից Յանուկովիչը հրաժարվել էր վերջին պահին և առաջարկել տնտեսական ավելի սերտ կապեր Ռուսաստանի հետ:

Այսօր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կնոջ՝ Մարինայի հետ, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պորուբեյը ծաղիկներ են դրել Անկախության հրապարակում տեղադրված հուշարձանին: Հուշարձանը նվիրված է «Երկնային հարյուրյակին»՝ Ուկրաինայում այսպես են կոչում ցույցերի ժամանակ անվտանգության ծառայության ուժերի կողմից սպանված ավելի քան 100 ցուցարարներին:

Մայդանի առաջին զոհը հայ էր՝ 20-ամյա Սերգեյ Նիգոյանը: Նա զոհվել է 2014-ի հունվարի 22-ին՝ գլխին և կրծքավանդակին ստացած ծանր վնասվածքների հետևանքով: Սերգեյ Նիգոյանը Դնեպրոպետրովսկից Կիև էր եկել ու միացել ցուցարարներին:

Այսօրվա արարողությունների նախաշեմին, Ուկրաինայի գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյա Սերգեյ Գորբատյուկն ասել է, որ ցուցարարների սպանությունների բացահայտումները հետաձգվում են, որովհետև օրենքի համաձայն այդ գործերը փոխանցում են հետաքննչական մի նոր մարմնի, որը դեռևս ձևավորված չէ: Նա նշել է, որ այդ գործերը Գլխավոր դատախազության գրասենյակից փոխանցվում են Ազգային հետաքննչական բյուրոյին, որը ձևավորման փուլում է: Նա նաև հայտնել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմում կոռուպցիայի մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյաների գործերի հետաքննությունը ևս, նույն պատճառով փաստացի դադարեցված են:

Ուկրաինայի ռուսամետ նախկին նախագահի պաշտոնանկությանը Մոսկվան արձագանքեց անջատական տրամադրություններ հրահրելով Ուկրաինայի արևելյան շրջաններում, Դոնբասի ռուսալեզու բնակչության շրջանում, ինչպես նաև բռակցվեց Ղրիմը: Ռուսաստանը հերքում է զենքով և զորքով իր աջակցությունը անջատականներին, սակայն Կիևը և ՆԱՏՕ-ն պնդում են որ անհերքելի ապացույցներ ունեն: 2014-ից Ուկրաինայի արևելքում սկսված մարտական գործողությունների արդյունքում արդեն ավելի քան 10 հազար մարդ է զոհվել:

Այսօր Կիևի Միխայլիվսկա հրապարակում դիմելով զինծառայողներին՝ Պետրո Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել, իր ձևակերպմամբ՝ «Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ահաբեկչական զինված զորքերի դեմ պայքարելու համար»:

Ռուսական և խորհրդային ոճից կտրվելու նպատակով փոխվել է դեսանտային զորքերի անվանումը, նույնիսկ բերետները: Այսօրվա արարողությանը ռազմա-օդային ուժերի համար ավանդական կապույտ գույնի բերետները փոխվել են մուգ կարմիր գույնի բերետների:

Պետրո Պորոշենկոն ասել է, թե դա «ռուս ագրեսորների դեմ պայքարում դեսանտնիկների թափած արյան գույնն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG