Մատչելիության հղումներ

57-ամյա լեռնապատցի․ «Տրամադրության քարտս կորցրել եմ, ծիծաղի վարձը մուծել չեմ․․․»


Գուգարքի շրջանի գյուղ Լեռնապատ գյուղի բնակիչ, 57-ամյա Գառնիկ Աբազյանն իր 26 տարեկան երկաթյա տնակը պատժախուց է անվանում։ Ասում է, թե երկաթե բարակ պատերի մեջ առողջությունն ու կյանքի երիտասարդ տարիները կորցնելուց հետո, լավ ապրելու հույս էլ չի մնացել․ - «Տրամադրության քարտս կորցրել եմ, ծիծաղի վարձը մուծել չեմ, Նոր տարի արել չեմ, Զատիկ չեմ արել, էլ ի՞նչ հիշեմ կյանքիցս․․․ Անընդհատ փոսի միջին լաց եմ ըլըմ․․ Մենք առավոտը վեր ենք կենըմ, ոնց որ մորգում պառկած ըլենք․․․ 33 հազար դրամ թոշակ եմ ըստանըմ, էդ էլ լացի փող եմ ասըմ, ես թոշակ չեմ ասըմ․․․ քշերը լաց եմ ըլում, ըտուր հմա եմ ըստանըմ»:

Կնոջ հետ ցույց է տալիս խոնավությունից արդեն խունացած պատերն ու շեշտում, որ այս պայմաններում երկու երեխա են մեծացրել, որոնք արդեն ամուսնացել ու գյուղից հեռու, մարզկենտրոնում են համեմատաբար լավ պայմաններ գտել․ - «Թազա հարս ունենք, բերինք նշանեցինք: Հարսը ո՞նց ապրի՞․․․ գնացել ա վարձով ընտեղ, իրանց հարազատներն են օգնըմ, որ էդ վարձը տան: Ստեղանց ծնված ըրեքեն ի՞նչ կըլի, ես ի՞նի եմ, որ իմ րեխեն ինչ ըլի, իմ թոռնիկն ի՞նչ ըլի․․․»

1988-ի երկրաշարժից հիմնովին ավերված տան տեղում են տեղադրել տնակը՝ հույսով, թե գյուղի նոր թաղամասում դեռ 1990-ականներին կառուցված անավարտ շինությունը մի օր տուն կդառնա։ Պետությունն անցած տարիներին կիսաշեն տների շինարարությունն ավարտին հասցնելու հազար ու մի ծրագրեր է իրականացրել, բայց իրենք երբեք այդ ծրագրերում չեն ընդգրկվել. նախկին գյուղապետի ձեռամբ սեփականության վկայականում քարե պատերն ու տանիքը ներկայացվել է որպես բնակելի տուն, և ընտանիքը դուրս է մնացել բնակարանի կարիք ունեցողների ցուցակից։

Աբազյանը դատարան է դիմել, որտեղ պարզվել է, որ ընդամենը 50 տոկոսով կառուցված տան մեջ ապրելն անկարելի է, և ընտանիքը, որպես աղետից տուժած, պետության կողմից բնակարանով ապահովվելու կարիք ունի։

«Ազատության» հարցին, թե հույս ունեն, որ շինարարություն կլինի, Գառնիկ Աբազյանը արձագանքեց․ - «Էդ Ազգային ժողովի թամադյանները կիմանան... Բայց հույս են տվել, որ 18 թվին մի բան կըլի»։

Դեռ գլխներին կախված մի հարցը չլուծած՝ հերթական խնդրի առաջ են կանգնել. Կառավարությունը զրկել է աղքատության 18 հազար դրամ նպաստից:

«Ձեր ընտանիքը 2017 թվականի սեպտեմբեր ամսից կորցրել է սոցիալական նպաստ ստանալու իրավունքը: Ձեր ընտանիքի անապահովության միավորը նվազել է», - ստացված պաշտոնական նամակից մեջբերեց Աբազյանը:

Ամսական 18 հազարական դրամից զրկվելուց հետո դռնեդուռ են գնացել, բողոքել։ Բայց պատասխան են ստացել, թե անապահովության միավորն է նվազել, ինչի հիման վրա պետության չնչին օժանդակությունից զրկվել են։

Պետական մարմինների գրավոր բացատրությունների համաձայն, Կառավարության որոշմամբ փոխվել են կարիքավորության միավորների հաշվարկի մեխանիզմները, որոնց համաձայն ընտանիքը ավելի պակաս կարիքավոր է համարվել։

Աբազյանի բողոքից հետո սոցիալական ծառայողները լեռնապատցի ընտանիքին եռամսյակային հրատապ օգնության ծրագրի մեջ են ներառել. տարվա մեջ ընդամենը 3 ամիս կստանան 18-հազարական դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG