Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանի գործով վկան քարեր նետելու հրահանգից բացի այլ բան չի հիշում


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստին ավելի քան մեկ ժամ հարցաքննվեց գործով վկա, ոստիկանության աշխատակից Էդգար Պապիկյանը:

Դատարանում նա ասաց, որ Ղուկասյանին ճանաչում է հանրահավաքներից, որպես կազամակերպիչ, պնդելով, որ լսել է, թե ինչպես է նա հրահանգ տվել ցույցի մասնակիցներին՝ քարեր հավաքել և նետել ոստիկանների ուղղությամբ: Ողջ հարցաքննության ընթացքում, սակայն, վկա Պապիկյանը հիմնականում խոսում էր միայն այդ դրվագի մասին: Մնացած բոլոր հարցերին, մասնավորապես, հարցին՝ որտե՞ղ են այդ պահին գտնվել լրագրողները, և հնարավո՞ր է նրա ցուցմունքներն ապացուցել տեսագրությունների միջոցով, Պապիկյանը պատասխանում էր՝ ոչինչ չի հիշում, միայն հստակ կարող է ասել, որ անձամբ լսել է, թե ինչպես է Ղուկասյանը քարեր նետելու հրահանգ տվել:

Նա նշեց նաև [«Ժառանգության» փոխնախագահ] Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի անունները, ընդգծելով, թե, մասնավորապես, Մարտիրոսյանից նույնպես նման կոչեր է լսել: Հարցին ի պատասխան՝ անձամբ տեսե՞լ է, թե ինչպես է հենց Ղուկասյանը քարեր նետում ոստիկանների ուղղությամբ, Պապիկյանը նախ ասաց, թե տեսել է, սակայն ճշտող հարցին ի պատասխան, նշեց՝ Ղուկասյանը պարզապես հրահանգել է:

Վկան շարունակ պնդում էր, թե Անդրիաս Ղուկասյանը փորձ է արել մտնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է վերջինս փորձել կատարել այդ գործողությունը: Ղուկասյանի հարցին՝ վկան տեղյա՞կ է, թե որն է եղել հուլիսի 17-ից հետ տեղի ունեցած հանրահավաքների նպատակը, Պապիկյանը պատասխանեց՝ ՊՊԾ գնդի տարածքը գրավածներին միանալը: Սակայն հարցին՝ բոլո՞րն են ցանկացել գնալ ՊՊԾ գնդի տարածք, վկան պատասխանեց՝ չի կարող հստակ ասել:

Ըստ վկայի՝ դեպքի օրը, երբ ոստիկանները փորձել են զսպել զանգվածային անկարգությունները, այդ ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը զրուցել է Արմեն Մարտիրոսյանի հետ: Վկան լսել է զրույցը և հիշում է, որ Կարապետյանն ասել է, թե ոստիկանությունը 5 րոպե ժամանակ է տվել Մարտիրոսյանին՝ «ժողովրդին նույն ճանապարհով հետ տանելու համար»: Սակայն, թե ինչ պաստախան է տվել Մարտիրոսյանը, դա արդեն Պապիկյանը չի հիշում: Այդ հանգամանքը ևս հարուցեց պաշտպանական կողմի, այդ թվում՝ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի տարակուսանքը:

Էդգար Պապիկյանն այսօր նաև հիշատակեց Զարուհի Փոստանջյանի անունը, պնդելով, թե Փոստանջյանը հուլիսի 29-ին կայացած բողոքի ցույցի ժամանակ ասել է՝ եթե ոստիկաններն առաջ գան, ապա նրանց քարերով կհարվածեն:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատավոր Վարդան Գրիգորյանին խնդրելով ինքնաբացարկի դիմում ներկայացնել, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, դատավորի գործողություններն անօրինական են և նա վատ վերաբերմունք է ցուցաբերում ամբաստանյալի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG