Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Լավրովը բացեցին հայ-ռուսական բարեկամությանը նվիրված ցուցահանդեսը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվել է «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսը՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Ցուցահանդեսը բացել են արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը, արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իրենց ողջույնի ուղերձներն են հղել Հայաստանի և Ռուսաստանի նախագահները:

«Անցած քառորդ դարի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի՝ ներառելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները: Ձևավորվել է պատկառելի իրավապայմանագրային բազա: Դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի ստորագրման 20-ամյակը մենք նշեցինք ընթացիկ տարվա օգոստոսին, և 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը», - մասնավորապես ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում: - «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ: Շահագրգիռ կերպով զարգացնում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը միջազգային հարթակում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում: Համատեղ ջանքերով ամրապնդում ենք հաջող գործընկերությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, զարգացնում ենք արդյունավետ համագործակցություն առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում: Տարեցտարի ամրապնդվում և խորանում են միջտարածաշրջանային կապերը, ընդլայնվում է փոխգործակցությունը մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում»:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային նվիրված նամականիշներով գեղաթերթիկի մարման արարողությունը, որն իրականացրել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարները ու ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG