Երկու կողմերի դիրքորոշումն էլ կարգավորումից շատ հեռու են. Ադրբեջանը երբեք չի պատկերացնում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ հայկական կողմն էլ երբեք չի պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այդ մասին ասյաօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ նշելով՝ այս երկու հակադիր մոտեցումները տանում են նրան, որ երկու կողմի համար էլ շատ դժվար է գտնել կարգավորում։
Քաղաքագետի խոսքով՝ վերջապես կողմերն արձանագրում են իրականությունը, որ կարգավորումը հեշտ չի լինելու։
Նշենք, այսօր Երևանում Լավրով-Նալբանդյան բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «չափազանց լավատեսություն չի արտահայտում» խնդրի կարգավորման հարցում։ «Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը։
Քաղաքագետի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ԼՂ կարգավորումը շատ հեռու է։ «Մեծ աշխատանք կա, տնային աշխատանք կա կատարելու, որպեսզի կողմերը գոնե որոշակի չափով մոտիկանան կարգավորմանը», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Երկու, երեք հակասություն կա, մեկը՝ Արցախի ստատուսը, թե երբ է որոշվելու, պլեբեսցիտը, երբ է լինելու, որ ժամկետում է դա լինելու, որովհետև դրանից կախված է նաև հայ ժողովրդի անվտանգությունը տարածաշրջանում և ամեն ինչը։ Մյուս հարցը, խաղաղապահների հարցն է, որը ևս որոշակի կոնֆլիկտների և տարաձայնությունների առիթ է հանդիսանում, ես կարծում եմ, որ Ռուսաստանը հակված է միայնակ ապահովել խաղաղապահ գործունեություն։ Իսկ մյուսն էլ, թե ինչպես Ադրբեջանը կարող է համակերպվել այն փաստի հետ, որ ինչ-որ մի պահի կարող է Արցախն անկախ լինել։ Հիմնականում սրանք են, որովհետև մնացած հարցերում կարելի է ասել երկու կողմերի իշխանությունները մեծ հաշվով խնդիր չեն տեսնում»։