Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ժամանել է Սոչի՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու: Քառօրյա այցի ընթացքում ռուսամետ Զեմանը կլինի նաև Մոսկվայում, ուր նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ:
Թեև Զեմանի պաշտոնը Չեխիայում առավել արարողակարգային բնույթ ունի, սակայն Վլադիմիր Պուտինին ու Ռուսաստանին աջակցող նրա հայտարարությունները մեկ անգամ չէ, որ մտահոգել են Չեխիայի կառավարությանն ու արևմտյան գործընկերներին: Ավելի վաղ Զեմանը կասկածի տակ էր դրել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը, Ղրիմի բռնակցումը որակել որպես «այլևս տեղի ունեցած փաստ» ու առաջարկել, որ Ռուսաստանը Ուկարինային դրա դիմաց նավթ, գազ կամ փող տրամադրի: