Մատչելիության հղումներ

Ջրարբի գյուղի դպրոցի ծնողները փակել էին Մարգարա տանող ճանապարհը


Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների մեծ մասն այսօր դպրոց չէր գնացել, ծնողներն էլ հայտարում էին՝ երեխաներին թույլ չեն տալու դպրոց հաճախել այնքան ժամանակ, մինչև այնտեղ բարվոք պայմաններ չստեղծվեն:

«Մեր բողոքը կառավարության դեմ է, որ եկեք, մի բան արեք, էս դպրոցը վերանորոգեք», - «Ազատության» հետ զրույցում դժգոհում էին ծնողները: - «Մենք ոչ հող ենք ուզում, ոչ մի բան, մի քիչ կառույցը վերանորոգել ենք ուզում: Թող լուսամուտները փոխեն, ջեռուցումը քաշեն, մեծ խնդիր չի իրենց համար», - ասում էին նրանք:

261 աշակերտ ունեցող դպրոցը, որը մինչև 1994 թվականը որպես ֆաբրիկա է գործել, չունի սանհանգույց, պատուհանները պոլիէթիլենային տոպրակներով են փակված, կենտրոնացված ջեռուցում չկա, դասարաններում նավթի վառարաններ են տեղադրված։ Ծնողներն ասում են, որ երեխաներին ձմռան ամիսներին դպրոց գրեթե չեն ուղարկում, դասասենյակներում ցուրտ է՝ երեխաները հիվանդանում են։

«Թող մտնեն լյուբոյ դասարան, տեսնեն՝ ապահովվո՞ւմ է ջերմաստիճանը, սանդղակը պլյուս ինչքան կբարձրանա: Էս պայմաններում երեխան կարա՞ դաս անի», - դժգոհում էին ծնողները:

Բորբոքված ծնողներն առավոտյան մի քանի րոպեով փակեցին գյուղին հարակից մայրուղին՝ հանդիպում պահանջելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Ջրարբի ժամանած մարզպետը խոստացավ՝ 10 օրվա ընթացքում դպրոցում փոփոխություններ կնկատվեն:

«Ջեռուցման խնդիրը և պատուհանների ու ապակիների՝ արագ լուծում կտանք, և հետո նաև կմտածենք նոր դպրոցի կառուցման խնդիրը», - ասաց Ղահրամանյանը:

Դպրոցի նորանշանակ տնօրեն, հանրապետական Նարեկ Զաքարյանը, ում աշխատասենյակը միակն է, որ բարվոք վիճակում է գտնվում, չի պատկերացնում, թե ինչպես են լուծվելու դպրոցի խնդիրները:

«էնպես պետք է անենք, որ դասապրոցես չխանգարվի: Չգիտեմ՝ ի՞նչ ենք անելու, ո՞նց: Չեմ պատկերացնում», - նշեց տնօրենը:

Արմավիրի մարզպետի հետ հանդիպումը հավատ չներշնչեց բողոքող ծնողներին, ասացին՝ հարկ եղած դեպքում երեխաներին 10 օր դպրոց չեն ուղարկի, մինչև մարզպետը չկատարի խոսումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG