Մատչելիության հղումներ

Պետք է վերականգնվի Հայաստանից դուրս գտնվող հայերի ընտրական իրավունքը. Փոստանջյան


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը մեկնում է Միացյալ Նահանգներ։ Կիրակնօրյա վերլուծականի հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ նոյեմբերի 26-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի Գլենդեյլի քաղաքապետարանի առջև։ Փոստանջյանի խոսքով՝ հանրահավաքն արտոնված է։

Փոստանջյան. - Հավաքը լինելու է բազմապահանջ, ընտրական իրավունքի վերականգնման պահանջն է ներկայացվելու, նաև պահանջ, որպեսզի ազատ արձակվեն բոլոր քաղաքական հալածյալները և պահանջ, որպեսզի հեռացնեն այս ապօրինի գործող իշխանությանը։ Դեպի առաջ նայող պահանջները՝ քաղաքական իրավունքների վերականգնումն է, որը պետք է տրամադրվի նաև մեր սփյուռքահայ հայրենակիցներին։

«Ազատություն». - Նկատի ունեք նրանց մասնակցությո՞ւնը հայաստանյան իրադարձություններին։

Փոստանջյան. - Ոչ միայն իրադարձություններին, այլ նաև ուղղակի ընտրական իրավունքի վերականգնումը, բոլոր նրանց համար, ովքեր այդ պահին՝ ընտրության ժամանակ, կգտնվեն Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Բոլոր այն տեղերում, որտեղ մենք ունենք հայաշատ բնակչություն, այնտեղ պետք է բացվեն ընտրատեղամասեր, և, բացի այդ, պետք է նաև վերականգնվի նրանց իրավունքը՝ ունենալու իրենց պատգամավորը հայոց խորհրդարանում, այսինքն՝ ընտրվելու իրավունքը նրանց ևս պետք է տրամադրվի՝ ներկայացուցիչ ունենալով։

«Ազատություն». - Տիկին Փոստանջյան, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Ստեփան Դեմիրճյան-Ռոբերտ Քոչարյան նախագահական ընտրապայքարի ժամանակ իրենք ունեցան իրավունք քվեարկելու, դրանից հետո վերացվեց, և կհիշեցնե՞ք արդյունքները, կարծես թե, որոշ տեղերում հիմնականում ընդդիմադիր թեկնածուէ օգտին էին քվեարկել։

Փոստանջյան. - Դե ակնհայտ էր, որ բոլոր նրանք, ովքեր այս պահին ապրում են սփյուռքում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս, նրանք հնարավորություն ունեն ազատ ընտրության իրավունքի, և Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակչությունն այդպիսի իրավունքից զրկված է, մենք այստեղ բավականին խոցելի ենք, և դա է հենց այն պատճառը, որ նրանց թույլ չեն տալիս, որպեսզի նրանք կարողանան ընտրել։

«Ազատություն». - Այսինքն՝ թվային այդ պատկերից հետո՞ է այս արգելքը դրվել։

Փոստանջյան. - Այո՛, թվային այդ պատկերից հետո, և նաև այն, որ մենք արդեն ունենք երկքաղաքացիություն և երկքաղաքացիության պարագայում նույնպես բացարձակ այլ պատկեր կլինի, քանի որ այն քաղաքացիները, ովքեր չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում, բայց ունեն քաղաքացիություն, նրանք ավելին են քան այսօրվա Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները։ Եվ դա իհարկե փոխելու է ամբողջ ընտրական պատկերը և նաև քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում՝ թե՛ կառավարության ձևավորումը, թե՛ նաև խորհրդարանի պատկերն է փոփոխման ենթարկվելու։

Կիրակնօրյա վերլուծականի նոյեմբերի 20-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG