Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով երեկ ժամանել է Բաքու։
Լավրովի այցը նվիրված է Ադրբեջանի և Ռուսատանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումների օրակարգում են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, համագործակցությունը միջազգային ասպարեզում, գլխավորը, սակայն, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն են։
Լավրովը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է ջանքեր գործադրել խնդրին հանգուցալուծում գտնելու և առաջխաղացում ապահովելուն համար։ Մենք ձեզ հետ համաձայն ենք՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - երեկ հայտարարել է Լավրովը։
Ալիև-Լավրով բանակցությունները հիմնականում անցել են փակ դռների հետևում, սակայն հանդիպման մեկնարկին Ադրբեջանի նախագահը բացի ավանդական ռազմավարական, բարեկամական հարաբերությունների մասին հայտարարություններից ասել է նաև, որ Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ։
Ըստ «Նովոստի» գործակալության, Լավրովն ասել է, որ Ռուսաստանը մտադիր է կատարել բոլոր պայմանավորվածությունները, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, գործակալությունը չի հայտնում։
Լավրովը նաև արձանագրել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 60 տոկոսով։
Լավրովն այսօր կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և ելույթ կունենա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում։
Բաքվից Լավրովը կժամանի Երևան։
Վերջին շրջանում ղարաբաղյան գործընթացի շուրջ բանակցություններն ակտիվացել են։ Հոկտեմբերին Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, նոյեմբերին ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկեց և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի նախագահի հետ։ Դեկտեմբերին Վիեննայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Ի դեպ Մամեդյարովը Լավրովի հետ հանդիպմանն ընդառաջ հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն պահանջում է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կոնկրետ արդյունքներ տան։