Newcastle United ակումբի հետ հանդիպումից ժամեր առաջ Manchester United-ի կայքը հարցում է անցկացրել՝ «արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը պետք է ընդգրկվի հիմնական կազմում»: Երկրպագուների 58 տոկոսը դրական է պատասխանել, 42 տոկոսը՝ բացասական:
Սա վկայում է, որ հայազգի աստղն այսօր էլ ունի մեծ թվով աջակիցներ Մանչեսփերում, թեպետ նրանց թիվը որոշակիորեն նվազել է:
Եվ այնուամենայնիվ մարզիկին հայտավորելու իրավունքը տրվում է ոչ թե երկրպագուներին, այլ մարզիչներին: Ժոզե Մոուրինյոն անցած շաբաթ օրը նույնիսկ պահեստայինների ցուցակում չի ներառել Մխիթարյանին, ինչը տխրեցրել է նրա առնվազն հայ երկրպագուներին:
Բաց թողնելով առաջին գոլը, Manchester United-ն այնուամենայնիվ հաղթել է, ընդ որում՝ 4-1 խոշոր հաշվով: Ուշագրավ է, որ Newcastle-ի հետ խաղի ընթացքում «կարմիր դևերի» կազմում էր վնասվածքից ապաքինված Պոլ Պոգբան, ով դարձավ գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ:
Դե իսկ ամենահիշարժանը, թերևս, Զլատան Իբրահիմովիչի վերադարձն էր, խաղի 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկած վետերանին մանկունիանցիները շատ ջերմ են ընդունել:
«Խաղից առաջ մարզադաշտում ես զգում էի երկրպագուների աջակցությունը, նրանք ինձ նվիրված երգն էին երգում, դա ահռելի եռանդ հաղորեց և սեր, այնքան ուժեղ, որ ուզում ես անմիջապես նետվես դաշտ ու քո խաղով երկրպագուներիդ վերադարձնես այդ սերը», - հանդիպումից հետո ասել է Իբրահիմովիչը՝ հավելելով, որ շատ հպարտ է, զգացված ու հուզված:
Մի խոսքով, անցած շաբաթ օրվա խաղը տոն էր Manchester United-ի համար, տոն, որը, սակայն, շրջանցեց Հենրիխ Մխիթարյանին: Ո՞րն էր նրան թիմի կազմում չընդգրկելու պատճառը:
Անգլիական մամուլում վերջին շաբաթներին լույս են տեսել հոդվածներ, որոնց համաձայն Մխիթարյանի խաղում ճգնաժամ է նկատվում: Մինչդեռ, Ժոզե Մոուրինյոն ասում է, թե այդ որոշումն ընդունել է սոսկ «մարտավարական» հանգամանքներից ելնելով:
Փաստորեն, Մխիթարյանը վնասվածք չունի, առողջ է, բայց չի խաղում: Հաշվի առնելով, որ ապաքինվում և վերադառնում են մի քանի առանցքային մարզիկներ, կարելի է ենթադրել, որ Մխիթարյանի համար դժվար մրցակցության շրջան է սկսվում, և նա պետք է առավելագույնն անի՝ հնարամիտ փոխանցումներով ու գեղեցիկ գոլերով աչքի ընկնելու համար:
Գալիք չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, Manchester United-ը Չեմպիոնների լիգայի մրցաշարում հյուրընկալվելու է շվեյցարական FC Basel-ին, և եթե Մխիթարյանը վերստին չընդգրկվի կազմում՝ կարող ենք եզրակացնել, որ նրա համար նորից սկսվել է տաժանակիր աշխատանքով ինքնահաստատվելու ու թիմ վերադառնալու ծանր փուլը, որը նա մեկ անգամ փայլուն կերպով հաղթահարել է: