Մատչելիության հղումներ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ շաբաթ օրը աշխատանքային քննարկում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որտեղ էլ որոշել են կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։

Ըստ Պետրոսյանի, նոյեմբերի 22-ի հանդիպումը տեղի կունենա Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, ապահովելու են ուղիղ եթեր։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամի խոսքով՝ բանվեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կվարի բանավեճը, իշխանական թևից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հաոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

Իսկ մինչ նոյեմբերի 22-ը, նախաձեռնության անդամներն այսօր Սիրահարների այգում հանրային քննարկում են կազմակերպել՝ «լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Քննարկվելու են նաև նախաձեռնության անելիքներին, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչև կլոր սեղանն ու դրանից հետո»։

Հիշեցնենք՝ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանղոները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Նշենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG