Մատչելիության հղումներ

«Ծառուկյան դաշինքը» և «Ելք»-ը չեն փոխի իրենց դիրքորոշումը՝ դեմ են 2018-ի բյուջեի նախագծին


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Կառավարության ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները ուրբաթ օրը առնվազն չորս օրով ընդմիջվել են։ Պատգամավորները 24 ժամվա ընթացքում կարող էին առաջարկություններ ներկայացնել:

Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթին դեմ արտահայտված ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հանդես է եկել գրավոր առաջարկով, որը վերաբերում է դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման ավելացմանը:

«Ֆինանսավորման գումարը թողել են նույնը, ինչ որ նախորդ տարվա բյուջեում, որը նախատեսված էր 160 դպրոցների ուսուցիչներին հավելավճար տալու համար՝ դասավանդելու ինժեներական լաբորատորիաներում, այն պարագայում, երբ լաբորատորիաների թիվը դառել է 240 արդեն՝ էս պահի դրությամբ 225, մինչև առաջին եռամսյակ նախատեսվում է 240 հասցնել, 2018 թվականի: Ես առաջարկել եմ էդ գումարը ավելացնել, անհատները, մասնավոր ձեռնարկությունները մոտ 10 հազար դոլարի ծախսեր են անում, որպեսզի էդ լաբորատորիաները բացեն, պետությունը ընդամենը էդտեղ դասավանդողին աշխատավարձ է տալիս 60 հազար դրամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գորգիսյանը:

Ըստ նրա՝ սա կխոչընդոտի ոլորտի զարգացմանը, նոր լաբորատորիաները այդ պայմաններում լիարժեք չեն կարողանա գործել։ «Խոսվում է անընդհատ, որ անվտանգություն, անվտանգությունը մենակ բանակով չի որոշվում: Եթե դու չունես զարգացող գիտություն, դու երբեք չես կարող անվտանգության հարց լուծել: Իշխող կուսակցությունը Հանրապետականն է, հիմա, մենք իրենց առկա խնդիրներից ևս մեկը նշել ենք և առաջարկել ենք շտկել: Հիմա, կշտկեն՝ կշտկեն, չէ՝ պատասխանատվությունը իրենք են կրում, որովհետև իրենք են իշխող կուսակցությունը», - նշեց «Ելք»-ի պատգամավորը:

Դիտարկմանը՝ «փաստորեն, եթե Ձեր առաջարկը ընդունեն, միևնույն է՝ Ձեր դիրքորոշումը չեք փոխելու», Գորգիսյանը արձագանքեց․ - «Բնականաբար, որովհետև մենք գլոբալ տրամաբանության և ոգու հետ խնդիր ունենք էդ բյուջեի, որովհետև ինքը ընդամենը գոյություն պահպանող և, հակառակը, քաղաքացիների վիճակը վատթարացնող բյուջե է»:

Հիշեցնենք, թոշակների, նպաստների ու նվազագույն աշխատավարձի ավելացում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով չի նախատեսվում։ Վերջին անգամ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում երկու տարի առաջ է եղել, և բյուջետային քննարկումների ընթացքում ընդդիմադիրները հենց սա էին հիշեցնում իշխանությանը՝ քննադատելով 2018-ի բյուջեի նախագիծը։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը մի քանի տասնյակ առաջարկություններով է հանդես եկել:

«Էն ուղղությամբ, որ ուղղությամբ որ մեր ծրագրերին համահունչ է՝ «Ծառուկյան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի մեր ծրագրերը որ կա՝ կապված, ասենք թե, ոռոգման ջրի, կապված, ասենք թե, սոցիալական բնույթի խնդիրների լուծման, զինծառայողների հետ կապված հարցեր, կապված մրցակցության, էն, ինչ որ ասեցի, գյուղատնտեսության սուբսիդավորման, գյուղատնտեսական վարկերի․․․ այսինքն՝ բազմաթիվ էսպիսի առաջարկներ ենք ներկայացրել», - «Ազատության»-ը ասաց Մելքումյանը:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ իրենց դիրքորոշումը ևս չի փոխվելու՝ 2018 թվականի պետբյուջեի նախագծին դեմ են քվեարկելու, քանի որ հույս չունեն, որ կարևոր առաջարկությունները կընդունվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG