Մատչելիության հղումներ

Այս ամիս Լոռու մարզի ևս 11 խոշորացված համայնք ձևավորվեց


Լոռու մարզ, Գյուլագարակ, արխիվ
Լոռու մարզ, Գյուլագարակ, արխիվ

Չնայած խոշորացման ծրագրերի մեջ մտնող համայնքներում շատերն այդպես էլ չեն համոզվել, թե այն օգուտ է տալու իրենց ու բարելավելու է կյանքը, կառավարությունը երկու տարի առաջ արված փորձնական խոշորացումները համարեց արդյունավետ և շարունակեց միավորել գյուղերն ու քաղաքները։ Նոյեմբերի 5-ի ընտրություններով Լոռու մարզի ևս 11 խոշորացված համայնք ձևավորվեց։

Ճոճկան գյուղի բնակիչ Նասիբ Կարապետյանը 50 տարվա աշխատանքային փորձ ունի, որից 30-ը՝ ղեկավար մարմիններում։ Ճոճկանը ևս միացավ Ախթալա քաղաքին ու արդեն ոչ թե գյուղ, այլ Ճոճկան անունով բնակավայր է դարձել։ Գյուղացին այս միավորման մեջ վտանգներ է տեսնում։ «Փոքր բնակավայրերը վաղ թե ուշ կլուծարվեն, կկորչեն, և Հայաստանի փոքր հողատարածքները կմնան անմարդաբնակ, անմշակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Լոռու մարզի մեկ այլ համայնքում՝ Կուրթանում, հողագործ Արարատ Առաքելյանը համեմատություն է անում Կուրթանի ու հարևան արդեն նախկին գյուղերի միջև․ - «Հոբարձի կամ Գյուլագարակ հող չեն օգտագործում, ամբողջ Կուրթանը, հլա գնացեք նայեք՝ մի հատ հող չկա, սաղ մշակվում ա, հարկ ու տուրքը մուծում ենք, բայց վաղը, մյուս օրը էդ հարկերն ո՞ւր տի գնալ։ Թենց ո՞նց կըլի։ Մի գյուղում չաշխատեն, էն մի գյուղի ամբողջ փողը ուղարկեն ընդե՞ղ»։

Կուրթանի նախկին գյուղապետ Մհեր Գևորգյանը քննարկումներից, կառավարությունից հնչող փաստարկներից հետո դիտարկում է հարևան համայնքներում արդեն արված խոշորացումների արդյունքներն ու նշում. համակերպվել է, անգամ պայքարել ու հաղթել խոշորացված Գյուլագարակի համայնքի ղեկավարի պայքարում։

«Խորհրդի նիստ ա եղել համայնքների միության, ես ընդեղ խորհրդի անդամ եմ, ամենաշատ պայքարողը, կռիվ անողը ես եմ եղել, որ չխոշորացնեն, որովհետև ճիշտ չէի համարում ես էն ժամանակ։ Խի չէի ճիշտ համարում՝ որովհետև ամեն գյուղ, ոնց որ ասած, իր բնավորությունն ունի, ամեն գյուղ իրա տրադիցիան ունի, ես դրա համար էդքան համաձայն չէի, ու ինձ հետ համատեղ մնացած համայնքապետերն էլ համաձայն չէին։ Բայց հմի որ կյանքը սա ա պահանջում՝ գնանք սրան», - «Ազատությանը» ասաց Գևորգյանը:

Խոշորացած մեկ այլ համայնքում՝ Ախթալայում, նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը համայնքների խոշորացումն անհասկանալի է համարում։ Ժամանակին կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորել՝ փորձելով ապակենտրոնացնել ֆինանսական ռեսուրսները, ասում է նախկին քաղաքապետը։

«Ես դա չեմ ընդունում, իմ ուղեղում չի էլ տեղավորվում, թե սա ինչ ա։ Թե սա օպտիմալացնելու, աշխատատեղեր կրճատելու իմաստով ա, ասենք, բյուջեի միջոցները խնայելու իմաստով ա, թող, գյուղնախարարություն ունենք, որ գյուղնախարարի մենակ էդ գործուղման փողերը տասը գյուղի բյուջեից ավել ա։ Համայնքներում ունենք գյուղբաժին, մարզպետարանում ունենք գյուղբաժին, ունենք գյուղնախարարություն, դրանցից որևէ մեկը երբևէ գյուղացու մատից փուշ հանել ա՞՝ չէ: Եթե ուզում են օպտիմալացնեն՝ էդ կառույցները փակեն», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Թամազյանը:

Ճոճկանեցի Նասիբ Կարապետյանը ևս ֆինանսները խնայելու տարբերակներ է մատնանշում․ - «Մեր գյուղում, գյուղապետարանում երևի մի տասը և ավել մարդ կա։ Հնարավոր ա՝ թողնեն հինգ մարդ, և ահագին տնտեսում կլինի։ Էն հինգ մարդով կանեն այն, ինչ որ անում են հիմա էդ նույն կազմով»։

Մի քիչ հեռու՝ խոշորացված Գյուլագարակ համայնքի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արարատ Մաղաքյանն ասում է՝ իրենց 2 հազար 200 բնակիչ ունեցող գյուղին սպասարկելու համար մինչև խոշորանալը գյուղապետարանում 17 մարդ էր աշխատում։ Մեկ տարի առաջ այստեղ տեղական իշխանությունը փոխվել է, սակայն գործող մոտ 20 տարվա գյուղապետին հաղթած համայնքապետը ևս այդ թիվը կրճատելու փորձ անգամ չէր արել։ Նախկին գյուղապետի տեղակալը համայնքապետարանի հաստիքների թվի մասին հետադարձ հայացքով ասում է. - «Կարայինք մենք, նայեք, առաջին կարգի մասնագետ, ասենք, երեք հոգի ունենք, կարայինք ունենայինք երեք առաջին կարգի մասնագետ։ Էլի համայնքապետարանը նույն ձևի կաշխատեր»։

Լոռու մարզի մեկ այլ գյուղում՝ Վարդաբլուրում է ապրում ԱԺ նախկին պատգամավոր, Գյուլագարակի ավագանու անդամ Վռամ Գյուլզադյանը։ Նա նշում է, թե կողմ է համայնքների խոշորացմանը։ Նրա կարծիքով՝ համայնքապետարաններն ուռճացված հաստիքացուցակներով անիմաստ ծախսեր են անում։ Ըստ նրա, կոնկրետ Գյուլագարակի գյուղապետարանում մինչև խոշորանալն առնվազն տասը անօգուտ աշխատող կար։

«Էսօր փորձեք գյուղապետարանների բյուջեն նայեք կամ հաստիքացուցակը նայեք։ Խայտառակ բան ա ընդեղ, խայտառակ. մշակույթի տուն չկա, բայց մշակույթի տան աշխատող կա, գրադարան չկա՝ գրադարանավարուհի կա։ Երկու հաստիքը կարա մանկապարտեզի մի հատ խումբ պահի, սնունդն էլ հետը։ Բայց մանկապարտեզները փակում են, բայց նման հաստիքները պահում են, որովհետև նման հաստիքների տակ միայն իրանց բարեկամներն են աշխատում, ուրիշը չի աշխատում։ Որ գյուղն ուզում ես գնա նայի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյուլզադյանը:

Նա համոզված է՝ կառավարման այսօրվա համակարգում գյուղապետերը որևէ էական նշանակություն չունեն գյուղացու համար։

«Գյուղի բնակիչների 90 տոկոսի համար մեկ ա՝ գյուղապետ կա՞, թե՞ չկա, ընդհանրապես էդ ինստիտուտը կա՞, թե՞ չկա։ Գյուղապետը ոչինչ ոչ տալիս է, ոչնչով ոչ գյուղացու կողքին օգտակար մի խորհրդատու է կամ էլ մատից փուշ հանող է։ Կյանքը կազմակերպելու բան էլ չկա», - ընդգծեց նախկին պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG