Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ այսօր բուհերում կան ուսանողներ, որոնք ունեն քաղաքացիական դիրքորոշում և կարող են պայքարի մեխանիզմներ մշակել, ասում է բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը: Սակայն, նա նաև կարծում է, որ կրթական համակարգում ակտիվ ուսանողը սահմանափակ ընտրության հնարավորություն ունի և գրեթե դերակատարություն չունի իր կրթության մեջ:
«Ուսումնական ծրագրերը մինչև օրս ունեն կոշտ կառուցվածք, որտեղ ուսանողի ընտրության աստիճանը այնքան չնչին է, որ պարզապես նա հետևում է ինչ-որ մի գծի: Չեն ստեղծված ինստիտուցիոնալ հնարավորություններ, որոնք կարողանան իրեն օժանդակել այս կամ այն կրթական ճանապարհը որոնելու», - ասում է նա՝ փաստելով, որ բուհերը կուսակցականացված են, ուսանողական խորհուրդները ուղղորդվում են իշխող Հանրապետականի կողմից: - «Որքան դու կարողանաս մարդկանց չափի մեջ պահել այդ տարիքից, հետո շատ հեշտ է լինում այլ ոլորտներում խնդիրները լուծել»:
Նշենք, որ բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահները հիմնականում հանրապետական պաշտոնյաներ են: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, նրա օգնական Ավետիս Բերբերյանը Պետական լեզվահասարակագիտական համալսարանի, ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը և Արմեն Աշոտյանը, համապատասխանաբար Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահներն են:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանը, մինչդեռ, պնդում է՝ իր հանրապետական լինելը ոչ մի ազդեցություն չի թողնում ուսանողների վրա: Բայց միևնույն ժամանակ նշում է՝ այս համալսարանն ակտիվորեն համագործակցում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ, կազմակերպում միջոցառումներ, որոնց ներկա են լինում կարևոր պաշտոն զբաղեցնող մարդիկ․ - «Բերեք չառանձնացնեմ՝ որ կուսակցությունից են հյուրեր լինում, հիմնականում Հանրապետական կուսակցությունից, որովհետև իշխող ուժն է Հանրապետական կուսակցությունը և կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են Հանրապետական կուսակցության անդամները»:
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանն, ով որևէ կուսակցության անդամ չէ, ասում է՝ գոնե վերջին տարիներին ուսանողները ավելի ազատ են կարծիք արտահայտելու մեջ: - «Այլ հարց է, որ համալսարանը ստեղծի այնպիսի միջավայր, որ էդ դիրքորոշումն ու կարծիքը չազդի բուհի վրա, չազդի համալսարանական տարբեր գործընթացների վրա: Կան համալսարաններում կուսակցական մարդիկ․ ես կարծում եմ, որ դա չպիտի ազդի կրթության կազմակերպման վրա, չպիտի ազդի գիտական աշխատանքի վրա»: