Մատչելիության հղումներ

Գյումրեցի գործարարները հարկային արտոնություններ խնդրեցին վարչապետից


Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում, արխիվ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիի «Կումայրի պատմական կենտրոնի վերականգման ծրագրում» ընդգրկված Շիրազի փողոցով շրջեց, որի կառուցապատումն առաջիկայում կմեկնարկի:

Կառավարությունը տուրիզմն է ընտրել որպես Գյումրիի զարգացման ուղղություն: Սակայն Հայաստանի մեծությամբ երկրորդ և աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքում այլ ակնկալիքներ ունեն: Տարիներ շարունակ գյումրեցի գործարարները բարձրաձայնում են հարկային արտոնություններ տրամադրելու մասին, սակայն Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում՝ դա ռիսկային համարելով:

Այսօր հենց Շիրազի փողոցում վարչապետին մի կին մոտեցավ՝ խնդրելով 3 ամսով իր և իր գործընկերների վարսավիրանոցն ազատել հարկերից: - «Մեր աղջիկներով մենք վերցրել ենք էս սալոնը: Ցանկություն ունենք մեր բիզնեսը զարգացնելու: Նիուժե՞լի հնարավոր չէ՝ ինչ-որ 3 ամիս մեզ ժամանակ տան, չմտնենք հարկային դաշտ, որ երեխաները կլիենտներ հավաքեն, նոր արդեն [հարկ վճարենք]: Նիուժե՞լի ջահելների համար ոչ մի ծրագիր չկա», - վարչապետին դիմեց նա:

«Նիուժելի՞․․․ բայց ինչո՞ւ», - արձագանքեց վարչապետը․ - «Էկեք ընենց կազմակերպենք՝ հարկային դաշտը կմոտենա, կբացատրի․․․ բայց 3 ամսվա հարկային դաշտ չմտնելը՝ չի մտնի, բայց էդ չի Ձեր պրոբլեմը: Երիտասարդ, սիրուն աղջկերք են․․․ ես էլ ասի՝ ասում եք՝ նիուժե՞լի չեք կարա մեր մոտ մազերը կտրեք, օրինակ: Հաջողություն Ձեզ»:

Ամեն անգամ վարչապետը մի նոր շենք է հայտնաբերում Գյումրիի պատմական կենտրոնում ու հիանում դրանով: Հերթական հայտնագործությունը կենտրոնական հրապարակի մոտակայքում էր, վարչապետը «դզեց, շատ սիրուն ա» գնահատեց շենքը, խորհուրդ տվեց՝ այնպես անել, որ դիմացի մեծ ծառը ամբողջությամբ չփակի շենքի ճակատը:

«Ինքը էս սիրուն շենքը ուղղակի փակում ա․․․ ճարտարապետության մեջ եթե շենքը տգեղա, մեծ ծառ են դնում, որ փակի, իսկ եթե շենքը լավն ա, ընենց ծառ են դնում, որ ինքը չփակի», - հավելեց նա:

«Կումայրի պատմական կենտրոնի վերականգման ծրագրի» խնդիրները քննարկվեցին Գյումրիի քաղաքապետարանում, բայց՝ դռնփակ:

Մինչև այդ Կարեն Կարապետյանը մասնակցեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին:

Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքի ու մարզի համար պետք է ճիշտ ախտորոշում տրվի․ - «Եթե հիվանդության դիագնոստիկան սխալ է, ամենաթարկ դեղը չի օգնի: Այդ իսկ պատճառով, ոչ թե մենք առաջարկել ենք, դրա համար ենք ուզում․․․ Դա ուղղակի խիստ անհրաժեշտ է այսօր: Թվայնացման ժամանակ դուրս են գալու մեր մեղքերը, ֆիքսվելու են մեր առավելությունները․․․ Այդ իսկ պատճառով ձեզ ցանկանում եմ չհոգնել երբեք, եղեք ակտիվ: Համայնքային ղեկավարներին, մարզպետներին ռեգուլյար «բզեք»․․․ Բզելը կատակով եմ ասում»:

Վարչապետը մարզերում տեղեկատվական կենտրոնների գործունեության օրինակներ բերեց՝ ընդգծելով դրանց կարևորությունը․ - «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Թումո» կենտրոնները․․․ Հիանալի օրինակներ են, որոնք թույլ են տալիս հավատալ, որ մենք ի վիճակի ենք բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը հասցնել մեր երկրի հեռավոր շրջաններ և մատչելի դարձնել մեր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչքան հեռու են ապրում նրանք մայրաքաղաքից»:

Համաժողովին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Եվրամիության ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG