Մատչելիության հղումներ

«Ռուսների կողմից սպառնալիքը հստակ է և չի կարող անտեսվել»․ ԱՄՆ պետդեպի պաշտոնյա


ԱՄՆ պետական դեպարտամենտի քաղաքականության ծրագրավորման վարչության տնօրեն Բրայան Հուքը, արխիվ

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ Վաշինգտոնում այս շաբաթասկզբին գումարվել է «Ռուսաստանի հարցերով անդրատլանտյան ֆորումը», որի օրակարգում Արևմուտքի և Մոսկվայի լարված փոխհարաբերություններն են:

Խոհրրդաժողովի մասնակիցներից Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի քաղաքականության ծրագրավորման վարչության տնօրեն Բրայան Հուքն ընդգծել է, որ «այլ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու՝ Ռուսաստանի պատրաստակամությունը ոչ թե պարզ հռետորաբանություն է, այլ իրական սպառնալիք»:

Հուքի կարծիքով, այդ մասին են վկայում 2008 թվականին Ռուսաստանի՝ Վրաստան կատարած ներխուժումն, ինչպես նաև Ուկրաինայի նկատմամբ կատարած գործողությունները, որոնք «միանշանակ հակասում են» ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին: Մոսկվայի հանդեպ Հուքի կոշտ մոտեցումն էապես տարբերվում է հանուն համաշխարհային խնդիրների, մասնավորապես, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի ճգմնաժամերի կարգավորման, Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումից:

Հուքի համոզմամբ, այսօր Եվրոպայի համար Ռուսաստանից բխող վտանգը համեմատելի է Արևմուտքին սպառնալու՝ «Սովետների» վճռականության հետ, որն առկա էր սառը պատերազմի տարիներին: «Ինչպես անցյալում, այսօր էլ վտանգը տարածվում է Բալթյանից մինչև Սև ծով: Ռուսաստանի այդ կարողության մասին են վկայում վերջերս անցկացրած «Զապադ-2017» լայնածավալ զորավարժությունները»,- ասել է Պետդեպի պաշտոնյան:

Նրա կարծիքով, այսօր Եվրոպայում զինված ուժերի հարաբերակցությունը Ռուսաստանի օգտին է: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի կարգավիճակ ունեցող Հուքը նշում է, որ ռուսներն այսօր արդիականացնում են միջուկային զինանոցը և մարտագլխիկները թիրախներին հասցնելու միջոցները: «Միջուկային զենք կրող թևավոր հրթիռների արտադրությունը միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագրի ակնհայտ խախտում է»,- ասել է Հուքը:

Իր ելույթում նա անդրադարձել է նաև տեղեկատվական պատերազմին: «Ինչպես անցյալում, այսօր էլ Ռուսաստանը խաղում է պրոպագանդայի և ապատեղեկատվության իր հին խաղը, փորձում է պառակտել հասարակությունները, ընտրազանգվածները, Եվրատլանտյան համայնքի հաստատությունները»,- նաև նշել է Հուքը:

Նա ասել է, թե Խորհրդային միության ու ներկայիս Ռուսաստանի էական տարբերությունն այն է, որ ռուսներն այսօր չունեն գաղափարախոսություն, որը ծնում և իմաստավորում էր պետության գործողությունները: «Բայց միևնույն է՝ առանց այդ պետական գաղափարախոսության էլ Ռուսաստանն այսօր լուրջ սպառնալիք է»,- ասել է Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան:

ԱՄՆ արտաքին գերատեսչության քաղաքականության ծրագրավորման վարչության տնօրեն Բրայան Հուքը ՆԱՏՕ-ին հորդորել է երաշխավորել Եվրոպայի անվտանգությունն ու կայունությունը, կրկնելով նախագահ Թրամփի կոչը՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու մասին: «Ռուսաստանի սպառնալիքն Արևմուտքի հավաքական անվտանգությանը հստակ է, և մենք Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում չենք կարող դա անտեսել»,- ասել է Հուքը:

Նրա համոզմամբ, Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է, սակայն դրա համար Վաշինգտոնին անհրաժեշտ են հստակ ազդակներ առ այն, որ Մոսկվան հրաժարվում է առճակատման քաղաքականությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG