Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ


Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ:

Խորհրդարանի լիագումար նիստում նախօրեին ընդունված բանաձևն արձանագրում է՝ երկու տարի առաջ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո էական առաջընթաց է արձանագրվել. - «Հայաստանի հետ բանակցությունները խորը և համապարփակ գործընկերության պայմանագրի շուրջ ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը և մասնակցությունը Եվրամիության հարևանության ծրագրերին համատեղվել»: «Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ ևս առանց վիզաների ռեժիմ սահմանել, ինչն արդեն արվել է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի դեպքում, սակայն վերջնական որոշումը պետք է անդամ երկրներն ու Եվրահանձնաժողովը կայացնեն», - պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի՝ Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

«Եվրախորհրդարանը Եվրամիության թերևս առավել առաջադիմական կառույցներից է, որը փորձում է ինչ-որ գաղափարներ առաջ տանել: Նրանք ակնհայտորեն ուզում են Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր սկսել, ինչը բավական ընդարձակ պլան է․ այնտեղ բազմաթիվ կանոններ ու բարեփոխումներ կան, որոնք իրագործելու համար, օրինակ, Վրաստանից պահանջվեց երկու տարի, Ուկրաինայից՝ երկուսուկես: Եվրամիության խորհուրդը, Եվրահանձնաժողովը, անդամ երկրները քննարկում են հարցը, սակայն չեմ կարծում, որ առաջիկա՝ բրյուսելյան գագաթնաժողովում արդեն նրանք Հայաստանին նման արտոնություն կտրամադրեն», - նշում է Բրյուսելում «Ազատության» թղթակիցը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG