Մատչելիության հղումներ

Երևանի ՋԷԿ-ում ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում


Երևանի ՋԷԿ-ը, արխիվ
Երևանի ՋԷԿ-ը, արխիվ

Կառավարության այսօրվա որոշումներով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թվականին ու մինչ օրս աշխատում է շարունակական բեռի բազիսի ռեժիմում և կանգնեցվում է տարեկան մեկ անգամ՝ արտադրողների սահմանած տարեկան ընթացիկ նորոգումների նպատակով: Ընկերության նպատակն է Երևանի տարածքում գործող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը վերազինել, որի արդյունքում կբարելավվեն մի շարք ցուցանիշներ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10․7 միլիարդ դրամի (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 22 միլիոն դոլար) ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում, 2018-2020 թվականներին կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG