Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մերժել է 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ղազախստանի առաջարկը:
Գումարը պետք է փոխանցվեր Ղրղըզստանի մաքսային ծառայության ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պահանջներին համապատասխանեցնելու ծրագրին:
Ղրղըզստանը 2015 թվականի օգոստոսին է միացել ԵԱՏՄ-ին, որի անդամներն են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Հայաստանը:
Ղազախստանը 2016 թվականին է համաձայնել 100 միլիոն դոլար տրամադրել Ղրղըզստանին, օգնության առաջին մասնաբաժինը պետք է փոխանցվեր մինչև 2017-ի տարեվերջ, սակայն դա դեռ չի արվել:
Ալմաթիի և Բիշքեկի հարաբերություններն անցած ամիսներին վատթարացել են: Ղրղըզստանի հեռացող նախագահ Աթամբաևը Ղազախստանին մեղադրում է իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Այս տարվա հոկտեմբերի 7-ին նա հայտարարել է, որ Ղրղըզստանում հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններում սատարելով ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովին՝ Ղազախստանը միջամտում է Ղրղըզստանի ներքին քաղաքականությանը:
Ընտրություններում հաղթել է իշխանության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը: Նրա պաշտոնամուտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 24-ին: