Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն անխնա քննադատում են 2018-ի բյուջեի նախագիծը


Նաիրիա Զոհրաբյան («Ծառուկյան» խմբակցութուն)

Ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներն այսօր անխնա քննադատեցին Կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագիծը։

Հետընտրական բյուջե․․․«Ելք»-ից Լենա Նազարյանը հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական ֆաստաթուղթը որակեց «հետընտրական բյուջե»:

«Հանրությունը», - ասաց Նազարյանը, - «պետք է իմանա՝ Հանրապետական կուսակցությունն ու կառավարությունը թոշակի ու նվազագույն աշխատավարձի բարձրացման խոստումը չի կատարել։ Կարեն Կարապետյանը «Ռևալյուցիա» հաղորդման ժամանակ աել է, որ եթե ամեն ինչ նույն տեմպերով շարունակվի, ապա 2018 թվականին կլինի թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Այնպես որ, կառավարությունը ճիշտ որ տվել է նախընտրական խոստում և ներկայացրել հետընտրական բյուջե»:

Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան») 5 պատճառ նշեց, թե ինչու պետք է դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Կառավարությունը չի բարձրացնում թոշակներն ու աշխատավարձերը, չի զսպում խայտառակ գնաճը, պետական համակարգում 5500-ից ավելի աշխատատեղեր է կրճատում, նվազեցնում է կրթությանն ու գիտությանը, առողջապահությանը հատկացվող ծախսերը։

Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ երկրի ժողորվրդագրական վիճակն է աղետալի․ - «Անդրադառնամ վարչապետի արած մի հայտարարությանը՝ տնտեսական աճը ով է զգում իր մաշկի վրա և ով չի զգում, դաշատ սուբյեկտիվ և անչափելի գործոն է: Ոչ, պարոն վարչապետ, դա շատ չափելի գործոն է: Եթե Դուք և Ձեր թիմը գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ զգում է շարքային հայ քաղաքացին, ապա վստահաբար չեք ասի, որ տնտեսական աճը անչափելի գործոն է և կախված է մաշկի զգացողությունից»:

Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) խորհրդարանի ամբիոնից կասկածի տակ դրեց աղքատության պաշտոնական վիճակագրությունը․ - «Տարեկան մեր տրանսֆերտները, որ ստանում ենք դրսից, կազմում ա 1.2-1.4 միլիարդ դոլար: Այսինքն 500-600 միլիարդ դրամ փող մենք ստանում ենք ոչ պետական ֆինանսավորումով: Բայց մեր աղքատությունը 30 տոկոս է: Դուք ձեզ հարց տվեք՝ եթե մեզ պետք է 200 միլիարդ դրամ փող, որ Հայաստանում աղքատությունը վերանա, մեր հասարակությունը ստանում է 500 միլիարդ դրամ փող, էդ աղքատությունը ինչի՞ է մնում: Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ վերահսկողության մեխանիզմն է»:

Ընդդիմադիրներն ու կառավարությունը սոցիալական խնդիրները լուծելու տարբեր տեսակետներ ունեն: Ֆինանսների նախարար Վարդարան Արամյանը պնդում էր, թե սոցիալական խնդիրների լուծման բանալին տնտեսական զարգացում ապահովելն է, որպեսզի մարդը կարողանա արժեք ստեղծել: Ընդդիմադիրները, մինչդեռ, անընդհատ հիշեցնում էին սպասվող նոր թանկացումների, շուրջ 30 տոկոսանոց աղքատության ու չավելացող թոշակ-աշխատավարձերի մասին:

«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե չի կարելի մարդուն ասել՝ 2-3 տարի վատ ապրի, հետո մի բան կանենք․ - «Ակամայից հիշում ես կոմս Մոնթե Քրիստոյի խոսքերը՝ սպասել և հուսալ: Բայց էս ժողովուրդը այլևս սպասելու տեղ էլ չունի, հույս էլ չունի: Թունելի վերջում լույս չի տեսնում ժողովուրդը»:

Ընդդիմադիրների քննադատությանը հակադարձեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ)․ - «Մենք պետք է մեր ժողովրդին ոչ թե ձուկ տանք էսօր, այլ ձուկ բռնել սովորացնենք: Նպաստելով, նպաստելով, նպաստելով՝ մենք պիտի հնարավորություն տանք, որ մարդիկ կարողանան պայմաններ ստեղծել էդ ձուկը բռնելու»:

Շարմազանովն իր ելույթում նաև հայտարարեց, թե այս տարվա 8 ամիսներին տնտեսական աճի ցուցանիշներով Հայաստանն ԱՊՀ-ում առաջատար է․ - «Համեմատության համար՝ այսօր Ադրբեջանում մինուս 0.9 - մինուս 1 տնտեսական աճ է, Ռուսաստանում՝ մինուս 1.8, Բելառուսում՝ մինուս 0.7, Ղազախստանում՝ 3.3: Իսկ մենք դրել ենք՝ 4.5-5»:

Էդուարդ Շարմազանովին հակադարձեց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը․ - «Պարոն Շարմազանով ջան, էդ դեպքում մենք ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսությամբ տնտեսական ընկերակցության մեջ, ինչո՞ւ ենք գնացել-մտել մի տնտեսության մեջ, որտեղ մնացած երկները բոլորը մինուսով են, մենակ մենք ենք պլյուսով: Ուզում եք մենք է՞լ մինուսով գնանք»:

Ամփոփելով այսօրվա քննարկումները՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր կարծիքն ասաց բյուջեի նախագծի մասին․ - «Այն իրատեսական է, ազնիվ, և շատ հստակ տալիս է այն առաջնահերթությունները, որը մեզ հնարավորություն կտա ոչ թե կարճաժամկետ լուծումներ գտնել, այլ երկարաժամկետ տնտեսական հիմքեր ապահովել, որն էլ կբերի ընդհանուր բարեկեցության»:

Բյուջեի նախագծի քվեարկության հարցում խորհարանական ուժերը արդեն իսկ կողմնորոշվել են․ Կառավարության ներկայացրած փաստաթղթին կողմ են միայն իշխանական Հանրապետականն ու Դաշնակցությունը: Դեմ են ընդդիմադիրները՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG