Մատչելիության հղումներ

Զինծառայության մասին օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն չկա. Արտակ Զաքարյան


Երեկ խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։

Ինչ վերաբերում է օրենքի դեմ պայքարող երիտասարդների հետ կլոր սեղան քննարկումներին, Զաքարյանը ասաց, որ իրենք նախկինում էլ են ասել՝ քննարկումներ են անցկացնելու օրենքից բխող կառավարության որոշումների շուրջ, որով էլ կանոնակարգելու են հարցը։

Պաշտպանության փոխնախարարը ասաց, որ տարկետում լինելու է, պարզապես ձևն է փոխվել, նա նաև պնդեց, որ իրենք գիտական միտք ունեցող երիտասարդներին չեն շեղելու գիտությամբ զբաղվելու հնարավորություններից, այլ ստեղծելու են հնարավորություններ անվտանգության և պաշտպանության համակարգերում գիտական գործունեություն ծավալելու համար։

Հիշեցնենք` երեկ օրենքի ընդունումից հետո մոտ մեկ ժամ փակ դռների հետևում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Հանրապետական կուսակցության խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ բանակցություններից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ, իսկ դրա նպատակը, ըստ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի, օրենքում փոփոխություններ կատարելն է։

«Պարոն Բաբլոյանը նշեց՝ եթե մենք կարողանանք ապացուցել, որ օրենքը սխալ է, մենք կկարողանանք դրա վրա ազդեցություն ունենալ», - ասաց Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG