Մատչելիության հղումներ

Նոր օրինագծով պետությունը կարող է փոխհատուցել դայակների աշխատավարձի մի մասը


Հայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երիտասարդ մայրերի աշխատանքը և երեխայի խնամքը զուգակցող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնություն, որն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Ըստ նոր ծրագրի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող, աշխատանք փնտրող կինը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու աջակցության իրավունք` Կառավարության սահմանած կարգով:

Զբաղվածության մասին օրենքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ երեխա ունեցող մորը պետությունը առաջարկում է աշխատանքի վերադառնալու դեպքում համաֆինանսավորել դայակի աշխատավարձը: Դայակին վճարվող մինչև 110,000 դրամ աշխատավարձի դեպքում պետությունը կվճարի դրա կեսը, իսկ 110,000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում կրկին 55,000 դրամ կվճարի: Դայակի աշխատավարձը կհարկվի․ հարկը կվճարի գործատուն:

Արդյո՞ք դայակներին բերելով հարկային դաշտ, չեն տուժի ծնողները: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծում է՝ մայրերն ու դայակներն այս նոր ծրագրից ֆինանսական կորուստ չեն ունենա: - «Պետությունը իր տված 55 հազար դրամից մեծ մասը որպես հարկ վերադարձնում է իրեն, մի փոքր մասը՝ խրախուսական աջակցություն՝ սիմվոլիկ, թողնում է դայակին կամ մորը: Մոտավորապես 10֊15 հազար դրամի մասին է խոսքը: Ինձ դուր է գալիս այն մոտեցումը, որ պետությունը ոչ թե պարզապես նպաստ է տալիս գումարի տեսքով, որը ծախսվում է տարբեր կարիքների համար, այլ աջակցում է, որ կանայք դուրս գան աշխատանքի»:

Համաձայն օրինագծի մայրն կարող է ընտրել դայակին և նա կարող է լինել ընտանիքի անդամներից մեկը:

«Կարող է այնպես լինել, որ ֆիկտիվ պայմանագիր կնքեն մայրը և տատիկը, և այդ պարագայում ինչ տեղի կունենա՝ 55 հազարը կֆիքսվի պայմանագրում որպես աշխատավարձ, դրա կեսը կտա պետությունը, այդ 27 հազարի 500-ը կգնա հարկ, տակի մնացած 10,000 դրամը կմնա տատիկին: Այս ծրագրից կօգտվեն այն մայրերը, որոնք դեմ չեն թղթաշրջանառությանը, և որոնց համար կարևոր է անգամ 10 հազար դրամը», - ասում է Լենա Նազարյանը: - «Գուցե պայմանները այնքան գրավիչ չեն, որքան օրինակ ազգ-բանակի գաղափարի ներկայացրած պայմանները․․․ հաստատ զինվորականները շատ ավելի գրավիչ պայմաններով են ծրագրի մեջ ներառվում, քան մայրերը»:

Շուշան Հարությունյանը, ով ֆիզարձակուրդից վերադարձել է երեխայի 4 ամսականում, կարևորում է, որ երկրում խրախուսեն աշխատող մոր կարգավիճակը, այլապես հնարավոր է, որ կանայք աշխատաշուկայում մրցակցությունից դուրս գան:

«Կսահմանվի նոր սոցիալական նորմ մեր հասարակությունում, կսահմանվի մի իրավիճակ, որտեղ աշխատող մորը կխրախուսեն, այլ հարց է՝ դա կլինի սիմվոլիկ գումար, կամ բարդացված, թե պարզեցված գործընթաց, բայց որպես սոցիալական նորմ, կարծում եմ, որ շատ առաջընթաց է ու շատ հետաքրքիր է», - մեկնաբանում է նա:

«Տնտեսական ոլորտում ցանկացած օրենքի կարգավորման մեջ կարևոր է, որպեսզի այլընտրանք առաջարկվի», ֊ մեկնաբանում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: - «Դա տարբերակ է առաջարկում մայրերին, այսինքն՝ կա՛մ ստանում եք 18,000-ը, կա՛մ, եթե գնում եք աշխատելու, մենք ձեզ հնարավորություն ենք տալիս: Սա ընդունելի տարբերակ է»:

Եթե կինը որոշում է, որ չի ցանկանում դայակ վարձել և երեխայի 2 տարին լրանալուց հետո միայն կվերադառնա աշխատանքի, ապա ամսական կշարունակի ստանալ 18,000 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG