Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Ես իմ թեկնածությունը կառաջարկե՞մ, թե՞ ոչ․ թույլ տվեք մտածածս մեջս մնա»


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր չհստակեցրեց՝ 2018-ի ապրիլին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնի համար, թե՞ ոչ:

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկլոլ Փաշինյանը, վարչապետին հիշեցրեց օրերս նրա արած հայտարարությունը, թե, որպես մեծ փորձ ունեցող երկրի ղեկավար, Սերժ Սարգսյանը անփոխարևինելի է, և հարցրեց․ - «Մենք բոլորս, և նաև Սերժ Սարգսյանը մարդ է․ համենայն դեպս հինգ րոպե առաջվա տվյալներով, Ազգային ժողովում դեռ շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին աստված հռչակելու օրենքի նախագիծը: Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե ինչ-որ բան պատահեց անփոխարինելու մարդուն, Դուք նկատի ունեք, որ «ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»: Երկրորդը, եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս եք Դուք ակնարկում, ակնարկում էիք համենայն դեպս, որ պատրաստ եք Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում փոխարինել նրան: Արդյո՞ք սա Ձեր կողմից դավադրություն է ազնիվ մեր ցեղի նկատմամբ՝ հայ ժողովրդի նկատմամբ: Եվ երրորդը, սա չի՞ հիշեցնում Ձեզ մի հայտնի պատմություն, երբ որ հարևան երկրի հայտնի ղեկավարը, ցույց տալով Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին, ասում էր՝ Кто сказал, что Ильич умер? Вот он стоит перед вами»:

«Ինչ որ ասել եմ, ընթերցեցինք, ասածիս նույն կարծիքի եմ: Ինչ վերաբերվում է հաջորդ առաջին դեմքին, վարչապետին, նույնպես էդ հարցազրույցի մեջ պատասխանել եմ, որ դա Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորոշի: Երրորդը՝ Բրեժնևի վերաբերյալ, չգիտեմ ինչ պատասխանեմ» - պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Փաշինյանի արձագանքը․ - «Ես տենց էլ գիտեի, որ հատկապես Բրեժնևի վերաբերյալ չեք իմանա ինչ պատասխանեք, պարոն վարչապետ: Հարցը շատ պարզ է․․․ ես չգիտեմ Հանրապետական կուսակցությունում էդ պրոցեդուրան ոնց եք նախատեսում անել: Հանրապետական կուսակցության նիստում, եթե, օրինակ, Էդուարդ Շարմազանովը առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու, ենթադրեք որևէ մեկը կամ Դուք ինքներդ առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու, թե՞ վերադառնալու էն ֆրազային, որին դժվարանում եք պատասխանել: Կամ արձանագրելու եք, որ քանի որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, Դուք կբավարարվեք, ասենք, առաջին, երկրորդ, երրորդ փոխվարչապետի պաշտոնով, կամ գուցե ավելի համեստ, կամ գուցե վերադառնաք Մոսկվայի, եթե չեմ սխալվում, Գազպրոմբանկ»:

«Շատ պարզ հայեցակարգ է, և լինելու է հետևյալ տրամաբանությունը․ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ունենալով այն քվեն, առաջարկելու է վարչապետի թեկնածություն: Ես իմ թեկնածությունը ինքն կառաջարկե՞մ․ թույլ տվեք իմ ներքին մտածածս մեջս մնա: Ինչպե՞ս է կատարվում Հանրապետականում: Ուզում եմ Ձեզ հավաստիացնեմ, որ յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնում է: Հաստատում եմ նույնպես, որ մենք բոլորս գնահատում ենք իր փորձը և դերակատարումը էս ամեն ինչի մեջ: Ո՞ր հարցին չեմ պատասխանել․ չեմ զգում», - ի պատասխան նշեց Կարեն Կարապետյանը:

Այսօրվա հարցուպատասխանի ժամանակ ուշադրություն գրաված հաջորդ դրվագը իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյյանի հիշեցումն էր վարչապետին․ - «Առիթից օգտվելով՝ ասեմ, որ Դուք նախընտրական հանդիպումների ժամանակ Սառնաղբյուր գյուղից մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ: Խնդրում եմ տվեք»:

«Ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ ու չեմ կատարում, բայց կվերհիշեմ», - արձագանքեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG