Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատախազությունը հնարավոր է հետաքննի Օբամայի օրոք Ռուսաստանի հետ կնքված խոշոր գործարքը


ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզ, արխիվ
ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզ, արխիվ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը Կոնգրեսի լսումներին ասել է, որ հնարավոր է շուտով հատուկ դատախազ նշանակի՝ ուսումնասիրելու համար Բարաք Օբամայի նախագահության օրոք ռուսական ընկերության հետ կնքված գործարքը, որով ԱՄՆ-ին ուրանի մատակարարման 20 տոկոսը տնօրինող կանադական ընկերությունը վաճառվել էր Ռուսաստանին:

Սեշընզն ասել է, որ որոշումն ընդունվելու է «առանց քաղաքական ազդեցությունների»: Նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ի գլխավոր դատախազը մասնակցում էր Ներկայացուցիչների տան արդարադատության հարցերով հանձնաժողովի լսումներին:

Նախագահ Դոնալդ Թրամփը և Կոնգրեսի հանրապետական որոշ անդամներ արդարադատության նախարարությանը կոչ էին արել հետաքննել 2010 թվականին կանադական Uranium One ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ռուսական Rosatom պետական ընկերությանը վաճառելու գործարքը: Գործարքը իրականացվել էր, երբ Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի պետքարտուղարն էր:

Uranium One-ը ԱՄՆ-ի մի շարք նահանգներում հանքեր և տարածքներ ուներ և ապահովում էր Միացյալ Նահանգների ուրանի պահանջարկի 20 տոկոսը:

«Սա է իրական ռուսական պատմությունը, այլ ոչ թե դավադրության մասին խոսակցությունները, որը չի եղել», - անցած ամիս ասել էր Թրամփը, դժգոհելով, որ մամուլը, անտեսելով Ռուսաստանի հետ կնքված միջուկային ուրանի այս գործարքը, ուշադրությունը սևեռել է իր նախընտրական շտաբի անդամների ենթադրյալ կապերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG