Մատչելիության հղումներ

Զինծառայության մասին օրենքի դեմ պայքարող ուսանողները երթով շարժվում են Ազգային ժողով


Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլի 7-րդ օրն է։ Ուսանողները երթով շարժվում են Ազգային ժողով, որտեղ նախատեսված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը՝ երկրորդ ընթերցմամբ: Ազգային ժողովի չորս խմբակցություններից միայն ընդդիմադիր «Ելք»-ն է հայտարարել, որ դեմ է քվեարկելու օրինագծին։

Ուսանողները հայտարարում են, որ այսօր փորձելու են բողոքի ակցիայի միջոցով ճնշում գործադրել օրինագծին կողմ արտահայտվող պատգամավորների վրա։

Նշենք, որ դասադուլի մասնակից ուսանղոներից հինգը երեկ հացադուլ սկսեցին Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում, սակայն երեկ ուշ երեկոյան հացադուավորներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, համալսարանի անվտանգության աշխատողները նրան դուրս բերեցին լսարանից և շտապօգնություն կանչեցին։ Բժիշկները բուժզննությունից հետո խորհուրդ տվեցին դադարեցնել հացադուլը։ Այժմ հինգ ուսանողներից չորսն են շարունակում բողոքի այս ծայրահեղ քայլը, այդ թվում՝ նախաձեռնության համակարգող անդամներից Դավիթ Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ օրինագծին դեմ ուսանողները պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Համաձայն առաջարկվող օրինագծի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG