Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք տվող՝ նախկինում դատված վկան «չի հիշում՝ ինչ է տեղի ունեցել»


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զիված խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստին վկաներ Գևորգ Սահմանյանը և Արտակ Մկրտչյանը պնդեցին՝ Ղուկասյանը կոչ է արել՝ քարեր վերցնել և գնալ դեպի Սարի թաղ․ «Մոտիկացավ մեզ, ասեց՝ քարեր վերցրեք, որ հասնենք «Սասնա ծռերին»»:

Նախկինում գողության համար դատապարտված Արտակ Մկրտչյանը ցուցմունք տալիս իրեն ուղղված հարցերին չկարողացավ պատասխանել, ասելով, թե ուշադիր չի եղել կամ էլ չի հիշում, թե անցյալ տարի հուլիսի 19-ին ինչ է եղել Ազատության հրապարակում և Սարի թաղում տեղի ունեցած բախումների ընթացքում: Պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Ինեսա Պետրասյանը նկատեցին․ «Վկան ոչինչ չի հիշում, միայն՝ ինչ-որ Անդրիաս Ղուկասյան եկավ, այսպիսի բան ասեց ու վերջ: Հստակ էլ ասում է, որ ուրիշ ոչ մի բան չի հիշում, մենակ էդ բանն ա սովորել ու ասում ա»:

Այսօր պաշտպանական կողմը միջնորդությամբ հանդես եկավ՝ դատարանին խնդրելով Անդրիաս Ղուկասյանին թույլատրել՝ վկա Գեղամ Սահակյանի ցուցմունքի վերաբերյալ ցուցմունքով հանդես գալ: Անդրիաս Ղուկասյանն իր ցուցմունքում պնդեց՝ վկա Գեղամ Սահակյանը սուտ ցուցմունք է տվել, և ինքը երբեք անհատական հանդիպումներ չի ունեցել վկայի հետ: «Գեղամ Սահակյանի հետ կապված խնդիրն այն է, որ նա փոխկապակցված է եղել ոստիկանության հետ: Նա դատարանում սուտ ցուցմունք է տալիս»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանում հանդես եկավ հայտարարությամբ, պնդելով՝ նախագահող դատավորն ապօրինի է գործում և խախտում է պաշտպանական կողմի իրավունքները: Պաշտպանն ասաց նաև, որ իր գործողությունները, որոնք օրենքով սահմանափակված չեն, նյարդայնացնում է դատավորին, և «գուցե կրկին մտածեն ինքնաբացարկի մասին»։

Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է անցյալ տարվա հուլիսին՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին միանալու փորձ կատարելու մեղադրանքներով։ Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG