Մատչելիության հղումներ

Ճոճկանի մանկապարտեզում «խախտվել է հիգիենիկ ռեժիմը»


Լոռու մարզի Ախթալա համայնքի մեջ մտնող Ճոճկան բնակավայրի մանկապարտեզում օրերս բռնկված աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչը 8 երեխաներին փոխանցվել է մանկապարտեզի աշխատակիցներից։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն այս եզրահանգմանն է եկել լաբորատոր հետազոտություններից հետո: Մանրէային դիզենտերիայի հարուցիչ և ռոտավիրուս է հայտնաբերվել մանկապարտեզից վերցված պանրի և մակարոնով փլավի նմուշներում, որոնց աղտոտման աղբյուրը, ըստ Առողջապահության նախարարության, մանկապարտեզի աշխատակիցներն են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. Մանկապարտեզում խախտվել է հիգիենիկ ռեժիմը:

«Ճոճկանի մանկապարտեզում աղիքային վարակիչ հիվանդությունը բռնկվել է նոյեմբերի 6-ից 10-ը։ Հիվանդացել է 8 երեխա, նրանցից 5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, 3-ը բուժումը ստացել է ամբուլատոր պայմաններում: Հիվանդների վիճակը գնահատվել է միջին և թեթև, ծանր ընթացքով դեպքեր չեն արձանագրվել», - ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 2, իսկ ամբուլատոր՝ 3 հիվանդ։

Նախարարության աշխատակիցը նշում է, որ հետազոտությունների հաջորդ փուլով կփորձեն ճշտել՝ մանկապարտեզի աշխատակիցներն արդյո՞ք ունեցել են սանիտարական գրքույկներ կամ որքանո՞վ են պահպանվել պահանջվող կանոնները․ - «Մեր առաջին խնդիրը նա էր՝ պարզել աղբյուրը, կանխարգելել, որ հիվանդությունը տարածվի: Հիմա մենք մեր առջև դրված գլխավոր խնդիրը լուծել ենք: Հիմա պիտի անցնենք մյուս հետազոտական աշխատանքներին, որպեսզի այդ բոլոր հարցերը պարզենք և վերջանական եզրակացություն անենք: Հիմա էդ հետազոտությունները ընթացքի մեջ են»:

Ճոճկանի բնակիչ Ռուզաննան իր 3 տարեկան երեխային ընդամենը 4 օր էր մանկապարտեզ ուղարկել։ Փորլուծով և բարձր ջերմությամբ տեղափոխել էին հիվանդանոց։ Ռուզաննան ասում է, որ երեխան արդեն ապաքինվել է, այսօր դուրս են գրվել հիվանդանոցից, բայց նախարարությունից ստացած տեղեկություններից հետո երկմտում է՝ կուղարկի՞ էլի մանկապարտեզ, թե՞ ոչ․ - «Մինչև մանկապարտեզը չկարգավորվի, մենք համոզված չլինենք, որ նորմալ ա, ես երեխային հաստատ չեմ ուղարկի»:

Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն «Ազատությանն» ասաց, համայնքների խոշորացումից հետո, միևնույնն է, մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցներն ազատվելու են աշխատանքից, նոր նշանակումներ են լինելու։

Թամազյանը խոստացավ, որ այս դեպքից հետո առավել խիստ կմոտենան կադրերի ըտրության հարցին՝ եթե պարզվի, որ աշխատակիցների մեղքն իսկապես կա։

Այս պահին մոտ 40 սան ունեցող մանկապարտեզը փակ է։ Նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ վարակի բռնկման տեղայնացման և վերացման նպատակով իրավասու մարմիններին առաջարկվել է ժամանակավորապես փակել Ճոճկանի մանկապարտեզը՝ մինչև վարակի աղբյուրի չեզոքացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG