ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցում է Հարավային Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) գագաթնաժողովին, որի օրակարգում առավելապես համա\խարհային առևտրի խնդիրներն են: Սակայն Սպիտակ տան ղեկավարը մտադիր է արծարծել նաև Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային փորձարկումների թեման:
Նախագահ Դոնալդ Թրամփը Մանիլայում հավաստիացրել է, որ խաղաղության օրակարգով է ժամանել:
«Ես այստեղ եմ խաղաղությունն ու անվտանգությունն առաջ տանելու, համատեղ աշխատանքով հիրավի ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածք ստեղծելու նպատակով, տարածք, որտեղ բոլորը հպարտ են, ինքնիշխան, ծաղկում են և ցանկանում են բարգավաճել: Այս տարի լրանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և ASEAN-ի բարեկամության և համագործակցության 40-ամյակը, դա երկար ժամանակ է», - ասել է Թրամփը:
Հարավային Ասիայի պետությունների ընկերակցության կազմում 10-ը երկրներ են: Դոնալդ Թրամփից զատ, գագաթնաժողովին մասնակցում են Չինաստանի, Ճապոնիայի և Ռուսաստանի վարչապետեր Լի Կեժիանգը, Շինզո Աբեն, Դմիտրի Մեդվեդևը և մի շարք այլ պետությունների բարձրաստիճան ղեկավարներ, առևտրի և էկոնոմիկայի ոլորտի նախարարներ, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Հավաքի օրակարգում ոչ միայն տնտեսական համագործակցության, այլև միջազգային անվտանգության հարցեր են, մասնավորապես, հակաահաբեկչական պայքարը, լարվածությունը հարավչինական ծովում և, իհարկե, Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը:
Դոնալդ Թրամփն առաջին անգամ է մասնակցում ASEAN-ի գագաթնաժողովին: Դեռ նախքան հանդիսավոր բացումը, նա Փհենյանի թեմայի շուրջ զրուցել է Ճապոնիայի և Ավստրալիայի վարչապետեր Շինզո Աբեի և Մալքոլմ Թորնբալի հետ և ասել, որ այսօրվա դրությամբ արդեն արվել են լուրջ քայլեր այդ վտանգը զսպելու ուղղությամբ: Թրամփը դրա մասին խոսել է նաև լրագրողների հետ:
«Հյուսիսային Կորեան լուրջ խնդիր է: Կարծում եմ, Չինաստանը մտադիր է շատ մեծ օգնություն տալ, այդ մասին ազդարարվեց Վիետնամում՝ Դա Նանգում Ասիական-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովում: Նախագահ Սի Ծինպինը հսկայական ներդրում կանի: Հուսով եմ, որ Ռուսաստանն էլ նման օգնություն կառաջարկի, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ», - ասել է Դոնալդ Թրամփը:
Ֆիլիպիններ կատարած այցը Թրամփի աննախադեպ երկար՝ 13 օր տևած ուղևորության վերջին հանգրվանն է: Նա ասել է, որ մայրաքաղաք Վաշինգթոն վերադառնալուց հետո հանդես կգա այցի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ:
Ի դեպ, աղմկահարույց կեցվածքով և ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի հանդեպ խիստ բացասական մեկնաբանություններով հայտնի Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երեկ կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն գագաթնաժողովի մասնակիցների համար:
Երեկոյի ընթացքում նա ֆիլիպինուհի աստղ Պիլիտա Կորալեսի հետ երգել է սիրո մասին երգ: Կատարումից հետո կատակով պնդել է, թե Թրամփի պատվերով է երգել:
Այդ երգի տեքստում կա այսպիսի նախադասություն․ «Դու իմ աշխարհի լույս ես, դու իմ սրտի կեսն ես»: