Մատչելիության հղումներ

Երիտասարդ գիտնականները գնահատում են տարկետման իրավունքին առնչվող աղմկահարույց օրինագիծը


Գիտնական դառնալու համար պարտադիր չէ տարկետում ստանալ, սակայն բանակում էլ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի ապագա գիտնականն իրեն դրսևորելու հնարավորություն ստանա, կարծում է Ֆիզիկայի ինստիտուտի իզոտոպների արտադրության լաբորատորիայի աշխատակից Անդրանիկ Մանուկյանը:

«Եթե արվի էնպես, ինչպես պլանավորվում է, ինչպես մտածված է, դա վատ չի: Մեր բանակին պետք են մասնագետներ, որ ինչպես ապրիլյանի ժամանակ, չասենք՝ վայ էս չունենք, էն չունենք։ Ես ամուսնացած եմ, վերջերս երեխա եմ ունեցել, զուգահեռ աշխատել եմ, սովորել եմ, երկրորդ բարձրագույն կրթությունն եմ ստացել, բանակ գնալ-գալը չի խանգարել դրան»,- ասում է երիտասարդ գիտնականը:

Բույսերի աճը 40 տոկոսով հնարավոր է արագացնել շնորհիվ Գևորգ Հովհաննիսյանի ստեղծած լամպերի: Այն բույսերը, որոնք աճեցվել են լամպերի միջոցով, դեռ պետք է փորձարկումների ենթարկվեն, հասկանալու՝ արդյո՞ք դրանք պիտանի են մարդու համար, թե ոչ: «ֆոտոսինթեզն ամբողջությամբ այս լամպերի տակ կարող է արվել: Եվ չինական լամպը, և մեր տեխնոլոգիայով հավաքված լամպը դրել ենք միասին փորձարկման, դա եղել է երեք ամիս առաջ, վարունգի վրա էր: Մեր լամպինը տվեց բերք, իսկ չինականինը դեռ ծաղկման փուլում էր»,- պատմում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բանակում ծառայելու տարիներին ինքը հնարավորություն չի ունեցել գիտությամբ զբաղվելու: Կողմ է, որ 18 տարին լրացած երիտասարդները մեկնեն ծառայության, սակայն սխալ է համարում զորակոչը բակալավիրատից կամ մագիստատուրայից հետո: Բուռն քննարկումների ու ուսանողների բողոքի ակցիաների պատճառ դարձած՝ զինծառայության մասին օրինագիծը, նրա կարծիքով, թերի է:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով, հիշեցնենք, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել 3 տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

2004 թվականին այս նույն խնդրի առջև կանգնած է եղել «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտակազմակերպչական գծով փոխտնօրեն Արծրուն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ եթե զինվորական ծառայության մասին այս նոր օրինագիծն ընդունվի, կտուժեն բնագիտական հոսքում սովորող ուսանողները:

«Քանի դեռ մասնագիտական վերելքի պրոցեսն անընդհատ է, ընդունվում են համալսարան, շարունակում են ասպիրանտուրա, էդ էնտիուզազմն ավելի քիչ ռիսկի է ենթարկվում: Իսկ երբ սովորելու ընթացքում երկու կամ երեք տարի ընդհատենք, էստեղ կորցնելու ռիսկը շատ ավելի մեծ է: Ինչքանով ենք պատրաստ տրամադրել համապատասխան միջավայր, մթնոլորտ, որպեսզի մեր երիտասարդների գիտելիքը չկորցնենք, օգտագործենք: Եթե կկարողնանաք դա անել, գուցե հաջողվի այս պրոյեկտը»,- ասում է Սարգսյանը:

Ֆիզիկամաթեմատիկան գիտությունների թեկնածու Բագրատ Գրիգորյանը, ով ևս աշխատում է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում, ծառայությունն ավարտելուց հետո է միայն ձեռք բերել գիտական աստիճան:«Կամ նրան [ուսանողին] մինչև ընդունվելը պետք է ասեն՝ գնա բանակ, հետո կգաս, կկողմնորոշվես՝ քեզ պե՞տք է սովորելը, թե պետք չի, կամ ուղղակի պետք է թողնել՝ բազային մասն ինքն անցնի, հետո մագիստրատուրա կգա կմասնագիտանա կամ չի մասնագիտանա»,- ասում է Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG