Մատչելիության հղումներ

«Տաշիր գրուպ»-ը առաջիկա տարիներին Հայաստանում 1 մլրդ դոլարի ներդրում է ծրագրում


Ռուսական «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Այդ մասին հայտարարվել է այսօր «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում «Տաշիր»-ի ներդրումային ծրագրի ներկայացման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են, թե ինչ միջոցների հաշվին և ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական:

Միջոցառմանը մասնակցել են նաև «Տաշիր»-ի գործընկեր միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության և ֆինանսական գործընկերների միջև:

ՀԷՑ-ը հիշեցնենք, պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը, կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր»-ի նախագահի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև «Կասկադ-էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց ինովացիոն կենտրոնում:

Նախագահը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր»-ի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ, ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG