Մատչելիության հղումներ

Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրի շարունակման համար կառավարությունը հովանավոր է փնտրում


Արմեն Ամիրյան, արխիվ
Արմեն Ամիրյան, արխիվ

Գյումրիի պատմական միջուկի վերկանգնման ծրագիրը դեռևս մեկ փողոց է ընդգրկում: Հաջորդ տարի նախատեսում են վերկանգնել նաև Ռուսթավելի փողոցին հարակից Շիրազի փողոցը: Հայկական կինոֆիլմերից շատերը հենց այդ փողոցում են նկարահանվել: «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի բակը հենց այդ փողոցի վրա է գտնվում, իսկ ահա այն պատշգամբը, որտեղ նկարհանվել է ֆիլմի հայտնի «վառե մարե» դրվագը, Աճեմյան փողոցում է:

Փայտյա պատշգամբն արդեն փտել է, շենքն էլ վթարային վիճակում է: Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմել է վերականգնման նախագիծ, ընդ որում՝ նաև վիրտուալ տարբերակով: Ու քանի որ պետական բյուջեում միջոցներ չկան, ուստի 1 մլն դոլարից ավելի գումար պահանջող նախագիծը, ըստ մշակութի նախարար Արմեն Ամիրյանի, ներկայացվել է միջազգային կառույցներին՝ հույս ունենալով, որ կգտնեն հովանավորների:

«Վիրտուալ նախագիծն առիթ ենք ունեցել ներկայացնելու ՄԱԿ-ի գրասենյակում, առիթ ենք ունեցել ներկայացնելու Եվրամիության գրասենյակին, և սպասում ենք տարբեր հնարավոր հովանավորությունների, որպեսզի շենքի շինարարությունն իրականություն դառնա: Մոտավորապես 1 մլն դոլարից ավելի բյուջե է նախատեսվում շինարարության համար»,- «Ազատությանն» ասաց Արմեն Ամիրյանը:

Եթե գտնվեն համապատասխան միջոցներ, շենքի վերականգնման աշխատանքների ավարտից հետո ծրագրում կընդգրկվի նաև նույն հարկի տակ գտնվող՝ Շիրակի երկրագիտական թանգարանը: Շիրակի երկրագիտական թանգարանը 5000-ից ավելի ցուցանմուշ ունի, բայց ցուցադրելու տեղ չունի: Թանգարանում համապատասխան պայմաններ չկան: Անմխիթար վիճակում գտնվող թանգարանի շենքի հարցը միշտ է բարձրացվել, սակայն այդպես էլ հարցը չի լուծվել:

Եթե ֆինանսական միջոցներ չգտնվեն ու հայտնի պատշգամբի շենքը չվերկանգնվի, ինչպիսի՞ն կլինի թանգարանի հետագա ճակատագիրը: «Բնական է, որ մենք, որպես մշակույթի նախարարություն, թանգարանի էքսպոզիցիայի և վերջնական ձևավորման համար պատրաստ ենք շատ շուտ կանգնելու այդ ծրագրի կողքին: Մենք մի քայլ հետ ենք գնացել և շենքի հարցն ենք ուզում լուծել: Եթե կլուծվի շենքի հարցը այլ գերատեսչությունների կողմից, մենք պատրաստ ենք ոչ միայն երկրագիտական թանգարանի, այլև պատկերասրահի Գյումրու մասնաճյուղի հարցում օգնել»,- «Աատությանը» պատասխանեց մշակույթի նախարարը:

Հիշեցնենք՝ մի քանի տարի առաջ, երբ Գյումրիում կառուցվեց բժշկական կենտրոն և այն միավորեց քաղաքի հիվանդանոցները, խոսք եղավ, որ Գյուլպենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքը կարող է տրամադրվել երկրագիտական թանգարանին: Պարզվեց՝ մշակույթի նախարարն այցելել է թանգարան ու տեսել, թե ինչ վիճակում է այն գտնվում: Ցուցանմուշներից էլ Արեմեն Ամիրյանին հատկապես գյումրվա փղերն են դուր եկել:

«Ես այցելել եմ, դիտել եմ: Շատ հետքրքիր ցուցանմուշներ կային այնտեղ, հատկապես գյումրվա փղերը: Իհարկե, շատ վատ վիճակում է: Հավատացեք, այս պահի դրությամբ Գյումրիում շենքային պայմանները շատ վատն են, և պետք է անպայման նոր շենքեր ունենալ, որ հնարավոր լինի տեղակայել այդ հսկա հարստությունն ու ցուցադրել»,- ասաց Ամիրյանը:

Աճեմյան փողոցի հայտնի պատշգամբի առնչությամբ էլ նա նշեց․ «Այն հատվածի հետ կապված, որը ժամանակին եղել է ցարական Ռուսաստանի փոստատան շենքը, հիմա բանակցություններ է ընթանում ռուսական փոստի հետ, որպեսզի վերանորոգումից հետո մենք կարողանանք ստեղծել փոստի թանգարան: Չգիտենք, թե ինչ չափի ու ծավալի կարող են լինել, բայց պատկերացումները կան»:

Սրանք առայժմ վիրտուալ նախագծեր են: Մնում է գտնել դրանց իրականացման համար անհրաժեշտ 1 մլն դոլարը տրամադրողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG